Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ շուրջ 2 տասնյակ այլ քաղաքացիների կազմակերպած բողոքի խաղաղ գործողությունն էլ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, բիրտ ձեւով խոչընդոտվեց իրավապահների կողմից: Ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա եւ պատռեցին պաստառները, խլեցին դրանք մասնակիցների ձեռքերից: Խոչընդոտվեց նաեւ նրանց երթը դեպի նախագահի նստավայր:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից երեկ ասուլիսի ընթացքում «Առավոտը» հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ՝ ինչպե՞ս է բացատրում փաստը, որ այս դեպքում, նաեւ հայ-թուրքական արձանագրությունների դեմ «Միացում» նախաձեռնության բողոքի գործողություններին ոստիկանությունը «շատ ավելի կոշտ հակազդեցություն է ցուցաբերում, քան Դաշնակցության դեպքում։ Այս ամենից մի տեսակ պայմանավորվածության հոտ է գալիս»: Մեր այս դիտարկմանը պրն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Ինչ ասեմ՝ ամեն ինչից կարելի է պայմանավորվածության հոտ առնել։ Ես այդ բաներին այնքա՜ն եմ արդեն սովորել: Մենք մեր գործն ենք անում՝ ով ինչ հոտ ուզում է, թող առնի, այնտեղ արդեն կերեւա: Ախր, գիտեն՝ ում հակազդեն, ում՝ ոչ։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ արգելված միտինգ է արել նաեւ ՀԱԿ-ը. պայմանավորվածության հոտ ինչո՞ւ չեք առնում»: Այս կապակցությամբ թղթակիցներից մեկը ռեպլիկ նետեց, թե ՀԱԿ-ի դեպքում «լավ էլ սխկում էին»: Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց. «Ի՞նչ էին սխկում: Լա՛վ էլ թույլ էին տալիս: Որտե՞ղ են սխկել: Այսինքն՝ այդպես չէ, այդպես պրիմիտիվ նայել պետք չէ, որովհետեւ նաեւ տեսնում են, որ հակազդեցությունը կարող է ավելի մեծ վտանգ սպառնալ հասարակության համար, քան եթե թույլ տան անել իրենց միջոցառումը սահմանների մեջ»: Դարձյալ հետաքրքրվեցինք, թե փաստորեն կարծում է, որ ՀՅԴ-ից զգուշանում են, իսկ «Միացումից»՝ ո՞չ, եւ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «ՀԱԿ-ից էլ են ինչ-որ տեղ զգուշանում, երբ որ արգելված միտինգը թույլ են տալիս: Այո՛, որովհետեւ նայած՝ ո՛վ է, ի՛նչ ուժ է, հակազդեցությունն ի՛նչ հետեւանքներ կունենա։ Սրանք հաշվարկներ են, չէ՞։ Շատ պարզ բաներ կան, պարզապես դրանք չենք ուզում տեսնել, ինչ-որ հոտ ենք քաշում»:
Ի դեպ, պրն Ռուստամյանին հայտնեցինք, որ հարցը տալիս որպես նախադեպ էինք ունեցել ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ ժամանակին արած դիտարկումը, որը խոսելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մասին՝ ասել էր, թե այդ փաստաթղթից «նավթի հոտ է գալիս»:
Հ. Գ. ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նախօրեին հեռուստաեթերից հայտարարել էր, թե ՀՅԴ-ին առաջարկել են հանդիպել, սակայն նրանք մերժել էին: Մեր խնդրանքով անդրադառնալով այս պնդմանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը երեկ ասաց. «Լեւոն Զուրաբյանն անձամբ մեզ չի դիմել: Կամ ինձ պիտի դիմեր, կամ որեւէ պատասխանատուի, չէ՞: Այդպիսի բան չի եղել: Կարող է կուլուարներում ինչ-որ խոսակցություն է եղել՝ այսպես ասած, 4-րդ, 5-րդ ձեռքով ինչ-որ մի բան ուզում են բռնել: Բայց դա չի լինում, էլի, խոսակցության ձեւը»: Ավելի վաղ՝ ասուլիսում շեշտել էր. «Այս կամ այն քաղաքական ուժի հետ մեր հետագա անելիքները եւ համագործակցության եզրերը հստակեցնելիս մեզ համար ազգային հիմնախնդիրները, բնականաբար, առաջնային նշանակություն են ունենալու»: