Թե ինչպես է Ազգային ժողովը հերթական անգամ զրկվել մարքսիստական ուսմունքի ջահակիրից
«Հանրապետական ավագանին դարձել է ՀՀՇ-ական ողբանվագ դուդուկի տոլչին եւ ամեն կերպ վիժեցնում է ընդդիմության երկրորդ էշելոնի մուտքն ավագանու ինստիտուտ: Ավագանին իր գործունեությամբ ապացուցեց, որ իրենից ներկայացնում է պորտաբույծների օթյակ: Բանը հասել է նրան, որ ամեն խաղը խաղացել են, մնացել է Երեւանի քաղաքացիներին պատվավորի եւ անպատվավորի բաժանելը: Էլ բան ու գործ չունեք՝ զբաղվում եք դիսկրիմինացիոն մուտիլովկաներով: Սունդուկյանը կասեր՝ «Էստի մտիկ, տո՜, խելքին աշեցեք. ավարութին ե՞ք անում»,- գնահատելով Երեւանի ավագանու գործունեությունը՝ «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա, ամենակարեւորն այն է, որ այդ կերպ քաղաքային իշխանություններն ազատում են իրենց ավելորդ գլխացավանքից:
Ի դեպ, երեկ պարոն Հակոբյանն «Առավոտին» մեկնաբանություններ տվեց նաեւ այն մասին, թե ինչո՞ւ գրանցման համար համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել համապատասխան ԸԸՀ: Հիշեցնենք, որ պատգամավորական թափուր մանդատի համար մարքսիստն իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 8 ընտրատարածքում: Պարզվում է, տարբեր ռիսկային գործոնների պատճառով կուսակցության պլենումն աննպատակահարմար է գտել իր առաջնորդի մասնակցությունը տվյալ լրացուցիչ ընտրություններին: Ռիսկայնության գործոններն են. «Անհավասար ստարտային պայմաններ. բացարձակ ցենզային դիսկրիմինացիոն ընտրական իրավունքը, երբ 100 դոլար աշխատավարձ ունեցող բժիշկը եւ միլիոնավոր դոլարների շրջանառու կապիտալ ունեցող օլիգարխը մուծում են նույն՝ երեք հազար դոլար ընտրագրավը: Ազնիվ աշխատավոր մարդը երեք հազար դոլար հենց այնպես քամուն չի տալիս՝ կազինոների ոջիլների նման, այլ հայթայթում է արյուն-քրտինքով»,- ասում է մարքսիստը: Հաջորդը՝ «Մեծ էր այդ տեղամասում գործող երկու օլիգարխների կողմից սպասվող ֆինանսական տոտալիտարիզմի հավանականությունը, եւ բարձր էր ռիսկայնությունը՝ ֆիզիկական անվտանգության առումով: Քարոզարշավի փուլում մեծ էր այդ տեղամասում գործող երկու օլիգարխների կողմից կիրառվելիք տոտալ ֆիզիկական պրեսինգի հավանականությունը, արհեստականորեն խոչընդոտների միջոցով տապալելու ընտրազանգվածների հետ հանդիպումները: 8-րդ տեղամասը հայտնի է իր կեղտոտ ընտրատեխնոլոգիաների առատությամբ եւ անվերահսկելիությամբ. այս առաջին փուլում անգամ ԸԸՀ-ն բռնաբարեց Սահմանադրությունը՝ հակառակ նրա 65 հոդվածի՝ գրանցեց օլիգարխների:
Ավելին, ՀՀՇ-ի պարագլուխներն առաջ անցնելով՝ անառակաբար պաշտպանեցին օլիգարխներից մեկի թեկնածությունը՝ իբր հանուն արդարության, բայց իրականում դա այդ օլիգարխին հայտնված շնորհակալությունն էր»: Հիշեցնենք, որ արտերկրում բուժման մեկնելու պատճառով Հակոբ Հակոբյանը եւս չի մասնակցի լրացուցիչ պատգամավորական ընտրություններին: Այսպիսով, թիվ 8 եւ թիվ 25 ընտրատարածքներում լրացուցիչ ընտրություններին կմասնակցեն մեկական իշխանական թեկնածու. Կորյուն Նահապետյանը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամը (ի դեպ, նաեւ Հակոբ Հակոբյանի) եւ Մխիթար Հարությունյանը։ Իսկ իր հետագա գործողությունների մասին, այն է՝ թիվ 10 ընտրատարածքում հավանական առաջադրման, մարքսիստը կխոսի հանգստյան օրերին կայանալիք կուսակցության պլենումից հետո: