Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱՐԱԲԱՂԸ ՓՈԽԱՆԱԿՎՈՂ ԱՊՐԱՆՔ ՉԷ»

Հոկտեմբեր 23,2009 00:00

Գրողները՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

\"\"«Թուրքիան աշխարհի ամենադիվանագետ ժողովուրդն է, թուրքերի հետ ամեն անգամ գործ ունենալիս՝ պետք է վտանգներ տեսնել եւ զգուշանալ»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում ասաց ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը՝ հավաստիացնելով, որ նրանք ցանկացած պահին կարող են մեզ խաբել: «Արձանագրությունների ընթացքում էլ էին մեզ փորձում խաբել. կարծում էին, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մտքից մեր գլուխները կորցրել ենք եւ քիչ էր մնում, որ նորից խաբվեինք»,- հավելեց նա: ՀԳՄ քարտուղարին ամենից շատ մտահոգում է հայ-թուրքական հարաբերությունների տրամաբանությունը: Նա ասաց, որ չի հավատում սահմանների բացմանը ու շատ այլ խնդիրների լուծմանը. «Եթե Արձանագրությունները ստորագրվեն՝ դա միայն կլինի քաղաքակիրթ աշխարհի ճնշման դեպքում»: Վերջերս շրջանառվող տեսակետին, թե հայ-թուրքական սահմանների բացման գինը Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումներն են, ասուլիսի մյուս բանախոսը՝ արձակագիր, սցենարիստ, ազատամարտիկ Վահան Տեր-Ղազարյանը այսպես պատասխանեց. «Զիջելուց առաջ պետք է Եռաբլուր գնալ եւ զոհվածներից, ովքեր արյուն են թափել՝ հարցնել թույլտվություն: Եթե մեկը կհամաձայնի, թող զիջեն, Ղարաբաղը փոխանակվող ապրանք չպետք է դիտել»: Պարոն Տեր- Ղազարյանի համոզմամբ, Արձանագրությունները զերծ չէին նախապայմաններից. «Նախապայմանները պարզ երեւում են, ու թուրքերի կարծիքով իրենք որոշակի հաջողությունների արդեն հասել են այդ հարցում: Նախ՝ կարծում եմ, որ շեշտը պետք է դրվեր ոչ թե սահմանների, այլ ճանապարհների բացման վրա, սա շատ կարեւոր հանգամանք է, ինչը համարում եմ մեր պետության դիվանագիտության վրիպակը, սահմանների բացումից հետո էլ դեսպանատների փոխանակում պետք է լիներ: Ուրիշ հարցադրումներ չպետք է լինեին»: Պարոն Գրիգորյանի համոզմամբ էլ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղի «մասով» փոխզիջման մասին մտածելն անգամ անթույլատրելի է. «Ղարաբաղը մեզ համար միայն տարածք չէ, այն ազատագրելով՝ մենք ազատագրվեցինք պարտված ժողովրդի բարդույթից, մեջքներս մի քիչ ուղղվեց: Այնպես որ՝ Ղարաբաղը վերադարձնելը ոչ միայն տարածքային կորուստ է, այլեւ մեր արժանապատվության ու մարդկային նկարագրի… Որեւէ արժեք չկա, որի հետ հնարավոր է փոխել մեր արժանապատվությունը: Մենք առանց այդ սահմանի բացման կարողացել ենք այսքան դիմանալ, էլի կդիմանանք…»: Սահմանների հնարավոր բացման դեպքում, պարոն Գրիգորյանի կարծիքով, տուժելու է հայկական արտադրանքը, քանի որ թուրքական ապրանքն ավելի որակյալ ու էժան է, փոխարենը մեծանալու է փոքր եւ միջին բիզնեսի հնարավորությունների դաշտը: Պարոն Տեր-Ղազարյանն էլ մտահոգություն հայտնեց, թե արդյո՞ք Հայաստանն ի վիճակի կլինի հաշվեկշռել քաղաքական, տնտեսական, մշակույթի եւ մի շարք այլ բնագավառներում առաջացող նոր հարցերը. «Մենք բարդ իրավիճակում ենք, ու ես կցանկանայի, որ գործընթացը դանդաղեր ու կարողանայինք ճիշտ կողմնորոշվել»: Բանախոսները համակարծիք էին նրանում, որ պետք է Վրաստանի օրինակով եւ նրա սխալներից դասեր քաղենք: «Վրացիները առանց մաքսատուրքի թուրքական ապրանքը ներմուծում էին իրենց երկիր, ամբողջ վրացական շուկան հեղեղված էր թուրքական ապրանքներով ու մոտ երեք անգամ էժան էր: Ես մտավախություն ունեմ, որ նույնը մեզ մոտ կլինի: Հուսով եմ՝ մեր պետությունը հստակ մաքսատուրքեր կսահմանի, որովհետեւ մեզ համար կարեւոր է հայկական արտադրանքը զարգանա»,- ասաց ՀԳՄ քարտուղարը: Ասուլիսի ավարտին էլ խորհուրդ տվեց թուրքերի հետ հարաբերություններ հաստատելուց առաջ հիշել հայկական ասացվածքը. «Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել