Արդյո՞ք ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարում օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները
Oենքի, թմրանյութի առեւտրից հետո իր շահութաբերությամբ 3-րդ տեղում մարդկանց առեւտուրն է՝ թրաֆիքինգը: Ըստ վիճակագրական որոշ տվյալների՝ տարեկան 7,2 մլն դոլար ընդհանուր շրջանառությամբ 21-րդ դարի սպիտակ ստրկություն համարվող թրաֆիքինգը, ցավոք, լայն տարածում ունի նաեւ ՀՀ-ում:
Oրերս Լոռու Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Երիտասարդությունն ընդդեմ թրաֆիքինգի» խորագրով: Այն Հայաստանում իրականացնում են հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու ՄԱԿ-ի հայկական ասոցիացիան՝ Միջազգային երիտասարդական կամուրջներ հիմնադրամի եւ «Աուդիո-վիզուալ» լրագրողների ասոցիացիայի հետ համատեղ՝ Նորվեգիայի կառավարության եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ «Թրաֆիքինգի դեմ պայքարի» ծրագրի աջակցությամբ:
«Մի քանի տարի առաջ ՀՀ-ն համարվում էր 3-րդ դասի երկիր, ինչը նշանակում է, որ այստեղ ոչինչ չէր արվում թրաֆիքինգի դեմ պայքարի գործում,- ասաց սեմինար-քննարկումն անցկացնողներից Նազինե Խալաֆյանը:- Երբ այս վիճակագրությունը հրապարակվեց՝ կարծես սառը ցնցուղ լիներ մեր իշխանությունների համար: Սկսվեցին օրենսդրական բարեփոխումները, որի արդյունքում այժմ ՀՀ-ն 3-ից դարձել է 2-րդ դասի երկիր»: Թրաֆիքինգը քրեականացնող արդի օրենքները ներկայացրեց Վահե Դարբինյանը: Նկատելով, որ հատկապես փոքր պետություններում, նաեւ Հայաստանում այսօրինակ օրենսդրությունը զգալի բացեր ունի, Վ. Դարբինյանը նախ ասաց, որ մարմնավաճառությունը դեռ թրաֆիքինգ չի, «որոշ երկրներում այն օրենքի ուժ ստացած զբաղմունք է», ապա նշեց, որ 2006թ. թրաֆիքինգը քրեականացնող ՀՀ օրենքում կարեւոր փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ՝ «կավատությունը» փոխարինվել է «մարմնավաճառություն» բառով:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը խոսեց ծրագրի ընթացքում անելիքների եւ ակնկալվող արդյունքների մասին: Նախատեսվում է նկարահանել «Ազգային ուղղորդման մասին» ֆիլմ: Այն որպես կրթական նյութ կծառայի թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության՝ պետական մարմինների համագործակցության ռազմավարության համար: Ֆիլմը հասանելի կլինի նաեւ այս խնդրով զբաղվող պետական եւ հասարակական կառույցներին:
Ա. Դանիելյանն ասաց, որ այս ծրագրի ժամանակ կազմակերպվելիք հեռուստակամուրջի ընթացքում իրենք կհամագործակցեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոններում ձեւավորված «Թրաֆիքինգի դեմ պայքարի երիտասարդական ցանցի» հետ: Ի դեպ, ծրագիրը իրականացվում է Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի մարզերում: