Աշխատանքի տեղավորման գործակալությունների միջոցով հիմնականում աղջիկներն են աշխատանք գտնում
Պահանջվում են բարետես վաճառողուհիներ շինանյութի խանութում աշխատելու համար… Աշխատանքի ենք հրավիրում 18-25 տարեկան աղջիկների՝ սուպերմարկետում փաթեթավորողի թափուր աշխատատեղի համար… Այսօրինակ հայտարարությունների կարելի է հանդիպել ամեն օր եւ ամեն տեղ՝ թե հեռուստացույցով, թե ռադիոյով, ինտերնետ կայքերում, ինչպես նաեւ աշխատանքի տեղավորման գործակալություններում:
Ի՞նչ աշխատատեղեր են առաջարկում կադրային կենտրոնները տղաների համար: Արդարացվա՞ծ են, արդյոք, տղաների դժգոհությունները աշխատատեղերի պակասի համար եւ ինչո՞ւ են գործատուները պահանջում հիմնականում գեղեցիկ սեռի աշխատակիցներ: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Երեւանում գործող մի խումբ աշխատանքի տեղավորման գործակալությունների հետ:
Օրինակ, «Գործ բոլորին» աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Անահիտի խոսքով՝ տղաների դժգոհություններն ու բողոքները արդարացված են. «Վերջին շրջանում աշխատանքի տեղավորման գործակալություններում աղջիկների համար առաջարկվող աշխատանքները շատացել են, այն էլ անբնական կերպով: Պահանջվող աշխատատեղերը ասես միայն աղջիկների համար լինեն: Այսօր ամենապահանջված աշխատանքը վաճառողուհու, գործավարի, մենեջերի, դիսպետչերի, հեռախոսավարուհու աշխատանքներն են: Գործատուները տղաների համար առաջարկում են՝ առաքիչ, տաքսի սերվիսներում վարորդ, կամ, լավագույն դեպքում՝ սուպերմարկետում փաթեթավորող, բայց, անգամ փաթեթավորման աշխատանքի համար հաճախ պահանջվում են բարետես աղջիկներ: Սա միայն գործատուի քմահաճությունն է: Հո գործավարի պաշտոնում իր թղթերը տանել-բերելու համար տղա քարտուղար չի ընդունելու: Կադրային կենտրոնները միայն հուշում են աշխատատեղը եւ օգնում գտնել աշխատանք»:
Տիկին Անահիտը հավելեց նաեւ, թե բացի այն, որ քիչ են տղաների համար առաջարկվող աշխատանքները, քիչ են նաեւ այն տղաները, որոնք պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք. «Ի տարբերություն աղջիկների, հայ տղաները շատ քմահաճ են, ոչ բոլորն են պատրաստ ամեն տեսակ աշխատանք կատարելու: Օրինակ, աղջիկները մեզ դիմելիս ասում են՝ պատրաստ ենք ամեն տեսակ գործ անել, բայց տղաները՝ ոչ: Բազմաթիվ աշխատատեղեր ենք առաջարկում, ասում են՝ ես այս չեմ անի, ես այն չեմ անի, ու դժգոհում են, որ աշխատատեղ չկա: Եվ նմանատիպ տղաները հիմնականում անուսում տղաներն են, իսկ բարձրագույն կրթություն ստացած տղաները պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք: Ուսանած տղաներից մեծ մասին հիմնականում հետաքրքրում է ինչ-որ կերպ գումար աշխատելը»:
«Անահիտ» կադրային կենտրոնի գործավարուհի Անահիտը եւս հավաստիացրեց, որ տղաների համար գրեթե աշխատանք չկա. «Դա ճիշտ է, եւ բոլորովին էլ գաղտնիք չէ, որ տղաներն այսօր շատ դժվար են իրենց հարմար աշխատանք գտնում: Գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերը աղջիկների համար են: Տղաների համար շատ քիչ հայտեր կան, որոնք անընդհատ մեծ պահանջարկ ունեն՝ դրանք հիմնականում դիզայների աշխատանքն է, վարորդի եւ առաքիչի: Խնդիրը նաեւ այն է, որ գործատուները, անկախ սեռից ու տարիքից, պահանջում են բարձրագույն կրթություն. անգամ վարորդ աշխատելու համար: Քանի որ կադրային գործակալություններում մեծ մասը օֆիսային աշխատանքների հայտեր են, պարզ է, որ գործատուները օֆիսային աշխատանքի համար միայն աղջիկներ կպահանջեն»: Մեզ հետ զրույցում Անահիտը նույնպես ընդգծեց աշխատանք փնտրող տղաների քմահաճությունների եւ ամեն աշխատանք կատարելու պատրաստակամ չլինելու մասին. «Պրակտիկայիս ընթացքում նկատել եմ, որ գործ փնտրող բարձրագույն ավարտած տղաներն ավելի են պատրաստ ամեն տեսակ աշխատանքի՝ անգամ բանվորի, քան չավարտածները…Անգամ ծիծաղելի է»:
«Ասպետ» աշխատանքի տեղավորման գործակալության գործավարուհի Հասմիկն էլ ասաց. «Աշխատաշուկայի 80-90%-ը աղջիկների համար աշխատանքներ են: Բայց խնդիրը ոչ այնքան աշխատաշուկայում առկա աշխատատեղերն են, որքան տղաների համարձակ չլինելը: Մեր աղջիկներն ավելի շատ ձգտում ունեն աշխատելու, ինքնահաստատվելու, կարիերա ստեղծելու, քան տղաները: Տղաները կարծես վախենում են աշխատելուց, դա պարտականություն ստանձնելու պես մի բան է»:
Տղաների համար աշխատատեղերի պակասի հետ համամիտ չեղան միայն քչերը, որոնցից մեկն էլ «Ա եւ Էն» կադրային կենտրոնի աշխատակիցն էր: Նրա խոսքով. «Սխալ է, նման բան չկա: Տղաների եւ աղջիկների աշխատատեղերը հավասար են: Բավական շատ են տղաների համար նախատեսված աշխատանքները եւ տղաները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում: Համամիտ չեմ նաեւ տղաների պատրաստակամ չլինելու հետ: Օրինակ, մեզ դիմող տղաները բոլորն էլ պատրաստ են ամեն տեսակ աշխատանքի, այսքան ժամանակ դեռ ոչ ոք չի դժգոհել, թե նորմալ աշխատանք չկա: Թող լավ փնտրեն»:
«Էկոնոմիկա եւ իրավունք» կադրային կենտրոնի մենեջեր Ալյոնան եւս համամիտ չէր, որ տղաների համար աշխատանք չկա: Նրա ձեւակերպմամբ. «Իրականում տղաների համար ամեն տեսակ գործ գտնելն ավելի հեշտ է, քան աղջիկների համար. ժամ, տեղ, միջավայր՝ այս ամենը կարեւորվում է աղջկա կողմից: Այսօր ամենապահանջված աշխատանքը հաշվապահի աշխատանքն է: Իսկ հաշվապահի աշխատանքի համար հիմնականում պահանջվում են տղաներ: Տղաները պարզապես ծույլ են, զլանում են փնտրել: Այդ է պատճառը, որ այսօր աղջիկներն ավելի հեշտ են աշխատանք գտնում, քան իրենք»: