Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ

Հոկտեմբեր 23,2009 00:00

ՖԻԼԱ-ի նախագահը գալիս է Հայաստան

\"\"Հոկտեմբերի վերջերից նոյեմբերի սկիզբը ՖԻԼԱ-ի հովանու ներքո եւ ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի մարզչական վարպետության բարձրացման համաշխարհային սեմինար, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցելու են 60-80 երկրների առաջատար մարզիչներ: Նրանք սեմինարի վերջում քննություններ են հանձնելու թե պրակտիկայից եւ թե տեսական գիտելիքներից՝ համապատասխան հավաստագրեր ստանալու համար:

«Առավոտի» տեղեկություններով՝ այդ օրերին Հայաստան է ժամանելու նաեւ ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) նախագահ Ռաֆայել Մարտինետին: Նա կծանոթանա Հայաստանում մարզաձեւի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, դրա համար ստեղծված պայմաններին: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի եւ հանրապետության մարզական ղեկավարների հետ, այցելություն Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազա, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր եւ այլ մարզաբազաներ: Չի բացառվում նաեւ, որ այցը նպաստի հետագայում մեր երկրում ըմբշամարտի հեղինակավոր որեւէ միջոցառում կազմակերպելուն:

Բարձրացնում են որակավորումը

Երեւանի, Վանաձորի, Արթիկի եւ Աշտարակի 22 մարզիչներ այս օրերին մասնակցում են ՄՕԿ-ի հովանու ներքո Երեւանում մարզիչների համար ընթացող որակավորման դասընթացներին, որոնք վարում են ՌԴ-ից ժամանած ճանաչված մասնագետներ Եվգենի Ֆոմինը եւ Վիտալի Կրավչենկոն: Վերջինս ՌԴ վաստակավոր մարզիչ է եւ աշխատում է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի եւ ԲԿՄԱ-ի վոլեյբոլիստների հետ: Նա նաեւ ղեկավարում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գիտական բաժինը:

ՄՕԿ-ի 30 հավաստագիր

Հոկտեմբերի 12-20-ը Երեւանում ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակներում «Master Class» ակումբի բազայում անցկացվեց մարզչական դասընթաց հանրապետության թենիսի մասնագետների համար, որը վարում էր մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովի նախագահ Պյոտր Յունիերզսկին (Լեհաստան): Դասընթացներին մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 30 մարզիչ-մանկավարժներ, որոնց վերջում շնորհվեցին միջազգային օլիմպիական կոմիտեի համապատասխան հավաստագրեր: Ծրագրի ղեկավար Ռոբերտ Ջանիբեկյանի հավաստմամբ, պարոն Յունիերզսկին մեկնումից առաջ հայտարարել է, որ Հայաստանում կան հեռանկարային թենիսիստներ, եւ խոստացել, որ անձամբ կաջակցի, որպեսզի մարզաձեւի միջազգային ֆեդերացիան Երեւանում նման միջոցառումներ հաճախակի կազմակերպի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել