Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՌ ՇԱՏ ՀԵՏ ԵՆՔ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Հոկտեմբերի 9-ին տրվել է հանրապետական ուսանողական մարզական ավանդական 10-րդ խաղերի մեկնարկը

\"\"Հոբելյանական այս մարզական միջոցառման ծրագրով հինգ մարզաձեւերից անցկացվում է տասը առաջնություն (մի քանի մարզաձեւերում երկուական՝ տղաների եւ աղջիկների, մրցաշար): Ուսանող մարզիկները դեռ շարունակում են պայքարը, որը կտեւի մինչեւ դեկտեմբեր:

«Առավոտը» երեկ զրուցեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանի հետ:

– Ուսանողական խաղերի ծրագրում ի՞նչ մարզաձեւեր են ընդգրկված:

– Շախմատ, աթլետիկական կրոսավազք, բասկետբոլ, վոլեյբոլ եւ սեղանի թենիս: Ամեն տարի մարզաձեւերի ընդգրկման շրջանակը՝ ձյուդո, բռնցքամարտ, թեքվանդո, ըմբշամարտ եւ այլն, ընդլայնելու բազմաթիվ առաջարկներ լինում են, բայց ընտրությունը կատարվում է այն հաշվարկով, թե դրանք որքանո՞վ են մատչելի բուհերին:

– Հայտերը շա՞տ են:

– Ընդհանուր առմամբ՝ 20 բուհից, որոնք ամբողջ տարվա ընթացքում անցկացրել են ներբուհական մրցումներ եւ դրանց արդյունքներով էլ հանրապետական խաղերին իրենց հավաքական թիմերով մասնակցելու իրավունք են ձեռք բերել:

– Մասնակցության մասսայականության առումով ի՞նչ կասեք:

– Ներառյալ ներբուհական առաջնությունները, ընդհանուր առմամբ մրցումներին մասնակցել է մոտավորապես ութից ինը հազար ուսանող:

– Պատկառելի՞ թիվ է:

– Առաջին հայացքից՝ այո: Բայց եթե նկատի առնենք, որ հանրապետությունում ուսանողության ընդհանուր թվաքանակը (ոչ պետական բուհերինը՝ նույնպես) մի քանի տասնյակ հազար է, պարզորոշ երեւում է, որ ուսանող երիտասարդության ֆիզդաստիարակության, առողջ ապրելակերպը կազմակերպելու առումով դեռ շատ ենք հետ, ու անելու բան շատ կա:

– Նկատի ունեք ֆիզկուլտուրայի դասերի անցկացման մակարդա՞կը:

– Հիմնականում՝ դա: Բայց նաեւ այլ՝ ոչ պակաս կարեւոր խնդիրներ կան: Այսօր մեր բուհերի, հատկապես՝ պետական ռեկտորներն ու ղեկավարությունը, ձգտելով նմանվել եվրոպական երկրների բուհերին, ցանկանալով ներմուծել նրանց փորձը, նախապատվությունն ուզում են տալ այս կամ այն մարզաձեւի սեկցիոն պարապմունքներին, սահմանափակվել այդքանով: Բայց նրանք հաշվի չեն առնում, որ այդ նույն երկրներում դասավանդման ծրագրով նախատեսված ընդհանուր ֆիզկուլտուրա առարկայի անցկացումը բարձր հիմքերի վրա է, իսկ սեկցիոն խմբերը նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց նախասիրած մարզաձեւում ավելի առաջ գնալ եւ համեմատաբար բարձր արդյունքներ արձանագրել: Հայաստանում նման ճանապարհով ընթանալը կտանի բուհերում ֆիզկուլտուրայի ընդհանուր դասավանդման վերացման, ամբիոնների փակումի, ինչը թույլ տալ, բնականաբար, չենք կարող: Այս եւ օրախնդիր այլ հարցերի շուրջ շատ լուրջ քննարկում է ընթացել վերջերս, երբ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանն ընտրվեց ուսանողական սպորտի ֆեդերացիայի նախագահ: Նա, որ Ազգային ժողովում ղեկավարում էր այն հանձնաժողովը, որը կոորդինացնում էր նաեւ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը, քաջատեղյակ է ոլորտին, առկա խնդիրներին: Դրա համար էլ որոշվել է (ու արդեն զբաղվում են) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ միասին կազմել ուսանող երիտասարդության շրջանում վարվելիք քաղաքականության նոր ծրագիր, որը ներկայացվելու է կառավարության, իսկ եթե հարկ լինի, նաեւ՝ Ազգային ժողովի հաստատմանը:

– Մենք հիմա խոսում ենք ուսանողական տարիքի երիտասարդների մասին: Բայց պրոբլեմը գալիս է դպրոցից, որտեղ ֆիզիկական կուլտուրա առարկան գրեթե ամբողջովին տապալված է:

– Ինչո՞ւ՝ դպրոցից: Իսկ մանկապարտեզնե՞րը: Եվ եթե ավելի խորը գնանք, բանը կհասնի նաեւ ծնողներին, որոնք անտեսում են մանուկ հասակից իրենց զավակների համար շարժողական խաղերի անփոխարինելի դերն ու նշանակությունը: Այս սխալը շարունակվում է մանկապարտեզում, դպրոցում ու գալիս-հասնում բարձրագույն ուսումնական հաստատություն: Դրա համար էլ հիմա մեր՝ ուսանողական սպորտի ֆեդերացիայի նախագահը հանձնարարել է ամենայն լրջությամբ մշակել քիչ առաջ իմ հիշատակած ծրագիրը: Անձամբ ինձ համար, համոզված եմ՝ նաեւ մեր այսօրվա ղեկավարության, առողջ երիտասարդ դաստիարակելը խնդիրների խնդիրն է: Դա ամեն ինչի հիմքն է: Խոսում ենք տնտեսության զարգացմա՞ն մասին, առողջ քաղաքացի պետք է ունենանք, երկրի պաշտպանությա՞ն, ցանկացած այլ ոլորտի՞ մասին, էլի նույնն է, այլընտրանք չկա:

– Ուսանողական հանրապետական խաղերն անցկացվում են ամեն տարի: Վաղն ի՞նչ առաջընթաց ենք ակնկալում:

– Այս տարի պետական բյուջեով մեր ֆեդերացիային գումար էր հատկացվել միայն համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցելու համար: Բայց, ի պատիվ կրթության նախարարի, նա խնայված միջոցները տրամադրեց այս տարվա խաղերը կազմակերպելուն, թեկուզ նախորդի հետ համեմատած՝ մեկ մարզաձեւով պակաս: Եկող տարի, ինչպես ասացի, մարզաձեւերի ցանկն ընդլայնվելու է: Վստահ եմ, որ բյուջեից էլ համապատասխան հատկացումներ կլինեն: Մնում է, որ յուրաքանչյուրն իր տեղում աշխատի: Այդ դեպքում արդյունքներն իրենց երկար սպասել չեն տա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել