Հոկտեմբերի 25-29-ը Երեւանում կմեկնարկի «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը: Այդ մասին երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած ասուլիսին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները:
«Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով, նպատակն է հասարակության ուշադրությունը բեւեռել վայրի բնության եւ բնապահպանության վրա եւ բարձրացնել հասարակության գիտակցության մակարդակը. «Փառատոնը պետք է դառնա տարածաշրջանային երկխոսության բեմահարթակ»: Ըստ նրա, փառատոնի մեկնարկը կազդարարեն պատանիներն ու երիտասարդները՝ կենդանիների դիմակահանդես-քայլերթով. «Շատ կարեւոր է երեխաների մեջ բնության, շրջակա միջավայրը մաքուր պահելու պատասխանատվությունը մանկուց սերմանելը, դրա համար էլ փառատոնի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ նվիրված կլինեն հենց երեխաներին: Ինչ վերաբերում է կենդանիների դիմակահանդես-շքերթին, այն լուրջ ենթատեքստ ունի»:
Փառատոնի շրջանակներում «Princ Clause» (Նիդեռլանդների թագավորական ընտանիքի) հիմնադրամի աջակցությամբ կիրականանա «Կովկասյան ջուր. մեր առաջին տարրը» մրցույթ-ցուցահանդեսը, Մարտին Ադամյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո, Էկո-EXPO, ինչպես նաեւ սեմինարներ, ռոք-ակցիա՝ «Ռոքը՝ հանուն բնության» խորագրով: Ռ. Խաչատրյանը ընդգծեց նաեւ բիզնես-ոլորտի մասնակցության կարեւորությունը փառատոնում. «Փառատոնը փորձում է ներգրավել հասարակության բոլոր շերտերին, այդ թվում եւ գործարար ոլորտը, որովհետեւ, եթե չհաջողվի համոզել տեղական ընկերությունների ղեկավարներին լուրջ միջոցներ ձեռք առնել երկրի սակավ բնական ռեսուրսների պահպանության համար, ապա գալիք սերունդները ոչինչ չեն ունենա: Այդ առիթով Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ կկազմակերպվի սեմինար՝ նվիրված սոցիալական կորպորատիվ պատասխանատվությանը, որն անցկացնելու համար հրավիրվել են այս ոլորտում երեք բարձրակարգ մասնագետներ»: