Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Օտյանի վերադարձը

Հոկտեմբեր 23,2009 00:00

«Թաղականին կնիկը»՝ նոր մատուցմամբ

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը բեմադրել էր «Աթոռ» ներկայացումը՝ ըստ Երվանդ Օտյանի «Թաղականին կնիկը» երկի՝ կապելով մեր իրականության եւ առկա քաղաքական կրքերի հետ: Չնայած թատերական աշխարհի շատ ներկայացուցիչներ բեմադրության առաջնախաղից առաջ խոսում էին վերջինիս ակնհայտ ձախողման, ռեժիսոր Ստեփան Ղազարյանի բեմադրական աշխատանքի եւ օտյանական գործի անհամեմատելիության մասին, սակայն, մեր կարծիքով, բնավ էլ ձախողում չէր: Սուր քաղաքական հարցադրումները, առնչությունները մեր իրականության հետ այն տպավորությունը ստեղծեցին, որ սա հենց այս թատրոնի ներկայացումն է՝ մի քիչ ծիծաղահարույց, մի քիչ էլ մոտ գեղարվեստական այն մակարդակին, որը կոմեդիայի թատրոնում տիրապետող է դարձել: Իսկ Օտյանը, ինչ խոսք, հանճարեղ է՝ նա իր այս ստեղծագործությունը գրել է կարծես բոլոր ժամանակների համար, պատկերելով իշխանական վերնախավի ստվերային շարժիչ ուժերին՝ պաշտոնյաների կանանց, որոնք հաճախ ավելին են անում, քան նրանց ամուսինները, որոնց քմահաճույքները երբեմն ճակատագրական են լինում տարբեր հարցերի լուծման ճանապարհին: Սա է ցանկացել ասել բեմադրողը՝ բեմ բերելով ժամանակի ատրիբուտները հանդիսացող ցույցերն ու հանրահավաքները, քաղաքական կուսակցությունների գզվռտոցները… Եվ ամենակարեւորն այն է, որ փոխելով օտյանական երկի գաղափարական շեշտերը եւ ամեն ինչ կենտրոնացնելով աթոռի շուրջ, բեմադրիչ Ղազարյանը ստեղծագործության մեջ տեսել էր այն մեծ ենթաշերտը, որն այստեղ կարեւորվել էր ժամանակի հրամայականով: Բեմադրության բոլոր հատվածները չէ, որ հետաքրքիր էին ու դինամիկ, երբեմն հանդիսատեսը ձանձրանում էր, բայց, ընդհանուր առմամբ, դահլիճում ժամանակ առ ժամանակ պոռթկացող քրքիջը դառնում էր պատասխան բեմում կատարվողին:

Ինքնատիպ դերասանական արվեստով այս ներկայացման մեջ առանձնացան Սաթենիկ Հախնազարյանը, Ռուզան Գասպարյանը, Նարինե Ալեքսանյանը, Բորիս Պեպանյանը, Զավեն Աբրահամյանը: Որպես հանդիսատես՝ մեկ-երկու դիտարկում հայտնեցի պարոն Ղազարյանին: Օրինակ՝ գուցե ավելի տպավորիչ լինեին ցույցերի տեսարանները, ավելի մարդաշատ կամ՝ ժողովրդի կերպարը խորհրդանշող տիկնիկների թիվը մեծ լիներ… Ըստ իս՝ Կոմեդիայի թատրոնի նվագախումբն ու բալետային խումբը պիտի ներգրավված լինեին բեմադրության մեջ եւ «Թաղականին կնիկը» գործի նորովի ընթերցման պարագայում հնչեր ժամանակակից կոմպոզիտորի՝ այս ներկայացման համար գրված երաժշտություն: Օրինակ, շուրջ տասը տարի առաջ արված Ս. Ղազարյանի «Շողոքորթը», որն այսօր էլ խաղացանկում է, համեմված է կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի բարձրարվեստ երաժշտությամբ: Մասամբ համակարծիք լինելով մեզ հետ, բեմադրիչը նշեց. «Ինչ խոսք, Լուսիկյանի երաժշտությունը ազնիվ ու մաքուր էր, ինչպես ինքը՝ կոմպոզիտորը: Եթե «Շողոքորթում» մարդը պարզապես իր վրա է ծիծաղում, այստեղ խնդիրը լուրջ է՝ մեր այսօրվա ու վաղվա մասին է խոսքը: Այս պրեմիերայից հետո, ինչպես ընդունված է, կլինեն ուղղումներ, շտկումներ: Իսկ ցանկությունները կյանքի կոչելը, որոնք դուք հայտնեցիք, կապված են ֆինանսի հետ»:

Նշենք նաեւ, որ Օտյանի վերադարձը բեմ՝ միանշանակ ուրախալի է, բայց նաեւ հուշում է, որ մեր ժամանակի գրողներն էլ պարտավոր են անդրադառնալ հենց մեր ժամանակներին: Օրինակ, ինչո՞ւ դրամատուրգներ Կարինե Խոդիկյանն ու Նելլի Շահնազարյանը չնստեն ու չգրեն մեր օրերի մասին այնպիսի կրքով ու ոգեւորությամբ, ինչպես ժամանակին վարվել են Օտյանն ու մյուս մեծերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել