Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՃՃՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԸ՝ ՖԻԼՄՈՒՄ

Հոկտեմբեր 23,2009 00:00

\"\"Կամ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները»

Հոկտեմբերի 21-ին «Փարալելս ֆիլմ պրոդաքշնը» եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացրին Հովհաննես Գալստյանի հայ-նորվեգա-ֆրանսիական «Խճճված զուգահեռներ» ֆիլմը: Վերջինիս համաշխարհային պրեմիերան կայացել է հունիսին՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրի շրջանակներում: «Խճճված զուգահեռները» ռեժիսոր, պրոդյուսեր Հ. Գալստյանի եւ «Փարալելս» ընկերության դեբյուտն է լիամետրաժ խաղարկային կինոյում:

Երեւանյան պրեմիերայի օրը ռեժիսորը մեկ առ մեկ ներկայացնելով ֆիլմի վրա աշխատած մարդկանց, ասաց, որ «Խճճված զուգահեռները» ստեղծվել է 5 տարվա ընթացքում եւ բազմազգ նկարահանող խմբի ջանքերով: Երեւանյան պրեմիերայից հետո ֆիլմը կցուցադրվի նաեւ սկանդինավյան երկրներում, բառացիորեն օրերս էլ կմասնակցի Տալլինի կինոփառատոնին:

«Խճճված զուգահեռներում» նկարահանվել են Սիրի Հելենե Մյուլլերը, Լորանս Ռիտերը, Սերժ Ավետիքյանը եւ Սոս Ջանիբեկյանը:

Հյուսիսային Նորվեգիա: Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրեր… Անտառահատի տնակում միայնակ է ապրում Հաննա Կնուտսենը, որովհետեւ նրա ամուսին Հենրիկը մասնակցում է դիմադրության շարժմանը, հետագայում էլ՝ զոհվում: Այդ ընթացքում Հաննան ժամանակավոր ապաստան է տալիս ռուս ներկայացած ռազմագերի Առաքելին: Սկզբում նրանց շփումները կիսապաշտոնական են, Հաննան չի ցանկանում խայտառակվել գյուղով մեկ, առանց այն էլ բամբասանքները շատ են գեղեցիկ կնոջ հասցեին, թե կրկին ամուսին է ուզում: Բայց մեկ է՝ Առաքելի հայտնվելը փոխում է երեխաներ եւ ընտանեկան երջանկություն չունեցող Հաննայի կյանքը: Նա իր բարդ եւ հակասական ապրումները սկսում է նկարագրել օրագրում… Որոշ ժամանակ անց Հաննան բալիկի է սպասում, բայց քանի որ պատերազմն արդեն ավարտվել է, Առաքելի հետ մեկնում է Հայաստան՝ մի փոքրիկ գյուղ: Նորվեգուհու առաջին տպավորությունը Հայաստանից ցնցող է՝ վատ իմաստով: Ոչ ոք նրա հետ չի շփվում, չնայած լեզու էլ չգիտեն, որ շփվեն, հայ սկեսուրն ու հարեւաններն էլ նախատում են, թե «սպիտակ կնիկները ցավ քաշել» չգիտեն: Առաքելին, բնականաբար, քշում են Սիբիր, որովհետեւ գերի ընկածներին խորհրդային սիստեմն ընկալում էր իբրեւ թշնամիներ ու դավաճաններ: Հաննան դուստր է ունենում՝ Լաուրային, որը մոր պես սպիտակ մաշկ ուներ ու կապույտ աչքեր:

Այնուհետեւ ֆիլմում ներկայացվում է Խորհրդային Հայաստանը, Երեւանը 88-ին եւ միայնակ ապրող մաթեմատիկայի ուսուցչուհի Լաուրայի խիստ կանոնակարգված, տաղտկալի կյանքը: Ամեն ինչ գնում է «բնականոն» հունով՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրա ձեռքը չի ընկնում մոր օրագիրը: Այնտեղ նկարագրված պատմությանը զուգահեռ՝ սկսվում է Լաուրայի եւ նրա աշակերտ Նարեկի սիրո պատմությունը: Աշխարհի կողմից մոռացված երկու մարդ ուզում են երջանիկ լինել… գոնե միմյանցով: Բայց մոր գերեզմանին այցելելուց հետո Լաուրան Նարեկի համար անակնկալ հեռանում է… Նորվեգիա: Վեց տարի անց Նարեկը նամակ է ստանում այն մասին, որ դուստր ունի, որն ուզում է անպայման իրեն տեսնել: Առաջին հայացքից պարզունակ այս պատմությունը ռեժիսորը հուզիչ ֆիլմ է դարձրել: Վերջինս շահել է ոչ միայն դերասանների հաջող խաղից, այլեւ Վահագն Հայրապետյանի եւ «Կատուների»՝ ֆիլմի համար ստեղծած ընտիր երաժշտությունից: Նշենք, որ վերջերս կայացած ասուլիսներից մեկում, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ունե՞նք այնպիսի դերասանական ներուժ, որ համաշխարհային չափանիշներին համարժեք քայլենք, Հովհ. Գալստյանը պատասխանել էր, որ, օրինակ, «Խճճված զուգահեռների» դերասանական կազմը ոչ պրոֆեսիոնալ է՝ բացի Սերժ Ավետիքյանից: Նաեւ կարծիք էր հայտնել, թե ավելի լավ է աշխատել ոչ պրոֆեսիոնալների հետ, որովհետեւ հաճախ պրոֆեսիոնալների պատկերացումներին չի համապատասխանում այն ֆիլմը, որը դու ես ուզում նկարահանել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել