Թուրքիայի Մերսին քաղաքում հոկտեմբերի 21-ի առավոտյան անհայտ անձինք այրել են Ադրբեջանի հետ եղբայրությունը խորհրդանշող մանկական այգին։ «News.am»-ի մատուցմամբ, այդ մասին տեղեկացնում են Մերսինի լրատվամիջոցները։ Դեպքին արձագանքել է նաեւ ադրբեջանական հանրային հեռուստաընկերությունը։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան ծագած հրդեհը հանգցնելու համար ժամանած հրշեջներին հաջողվել է կարճ ժամանակամիջոցում մարել կրակը։ Սակայն Ադրբեջանի հետ եղբայրության խորհրդանիշ հանդիսացող մանկական այգու ատրակցիոնները հրդեհի հետեւանքով դարձել են անօգտագործելի։ Թուրքական ոստիկանությունը դեպքի առիթով հետաքննություն է սկսել եւ փնտրում է հրդեհի համար մեղավոր անձին կամ անձանց: Այս միջադեպը Մերսինում կապում են վերջին օրերին Ադրբեջանում բարձրացված հակաթուրքական հիստերիայի եւ թուրքական դրոշները հանելու հետ: