Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում Իտալիայի եւ Թուրքիայի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կքննարկի «Հարավային հոսք» գազատարի շինարարության հարցը:
Մինչեւ 2015թ. վերջը իրագործման ենթակա այդ նախագիծը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, որովհետեւ այն հանդիսանում է «Նաբուկոյի» այլընտրանքը: Գազատարը կառուցվելու է Եվրոպայի համար նախատեսված ռուսական բնական գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու, մատակարարների եւ գնորդների կախվածությունը տարանցիկ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից, թուլացնելու նպատակով: 2009թ. հունվարին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային վեճից հետո եվրոպական մի շարք երկրներ, որոնք ռուսական գազ էին ստանում, մնացել էին առանց վառելիքի, եւ հենց դրա արդյունքում էր, որ Եվրամիությունը արագացրեց Ռուսաստանը շրջանցող «Նաբուկո» նախագծի աշխատանքները: Ավելի վաղ Պուտինը հայտարարեց, որ թեեւ «Հարավային հոսքը» եւ «Նաբուկո» գազատարը մրցակող նախագծեր են, բայց մեկ մյուսին չեն բացառում: Նախատեսվում է, որ «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը կարող է սկսվել արդեն 2010-ին եւ շահագործման է հանձնվելու 2015-ին: Այն ձգվելու է ավելի քան 2000 կմ եւ արժենալու է 8,6 մլրդ եվրո: Այդ գազատարը Եվրոպա է հասցնելու տարեկան 63 մլրդ խմ գազ: