Եվրոպական միությունը մտադիր է չեղյալ համարել 2005թ. Անդիջանում տեղի ունեցած խռովությունների արյունալի ճնշման արդյունքում Ուզբեկստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ չնայած այն բանին, որ այդ երկրում շարունակում է մտահոգիչ մնալ Մարդու իրավունքների վիճակը: «Reuters»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել են եվրոպացի պատգամավորները: Նրանց ասելով, ԵՄ անդամները համաձայնել են չերկարաձգել այդ երկրին զենքի տրամադրման արգելքը, որը վերջին պատժամիջոցն է, որ դեռեւս կիրառվում է Ուզբեկստանի նկատմամբ: ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները պետք է այդ որոշմանը հավանություն տան արդեն հաջորդ շաբաթ: Դա, անշուշտ, դուր չի գա իրավապաշտպան կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները պնդում են, թե Ուզբեկստանում մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց չի գրանցվել: Մինչդեռ, դիտորդների պնդմամբ, ԵՄ պատժամիջոցների չեղյալ հայտարարումը կարող է խթանել այդ երկրի իշխանություններին՝ քաղաքական ազատությունների ոլորտում առաջընթաց արձանագրելու համար: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ԵՄ-ն որոշեց չեղյալ համարել ուզբեկ բարձրաստիճան պաշտոնյաներին եվրոպական երկրներ մուտքի վիզա տրամադրելու արգելքը, բայց սպառազինությունների մատակարարման արգելքը մնաց:
Աղբյուրի դիտարկմամբ, Բրյուսելը փորձում է լավացնել իր հարաբերությունները Միջին Ասիայի պետությունների հետ՝ հուսալով ապագայում օգտվել նրանց էներգետիկ ռեսուրսներից եւ Եվրոպան ռուսական մատակարարումներից ավելի անկախ դարձնել: