Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտի հայցը մերժվեց

Հոկտեմբեր 23,2009 00:00

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի 2005-ի շրջանավարտ Անահիտ Մանասյանի հայցին՝ ընդդեմ հիմնադրամի՝ իրեն ֆրանսիական նմուշի դիպլոմ չտրամադրելու կապակցությամբ: Գործը քննվում էր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան): Երկու շաբաթ առաջ դատավորը դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 22-ին: Երեկ պարզ դարձավ, որ Անահիտի հայցը մերժվել է: Այս կապացությամբ «Առավոտը» լսեց երկու կողմերի մեկնաբանությունները: Ա. Մանասյանն ասաց. «Մենք բողոք ենք ներկայացնելու վերաքննիչ դատարան: Դատարանը կառչել է 2004-ին իմ եւ հիմնադրամի միջեւ կնքված պայմանագրի 3.3 կետից, որը հղում չի անում որեւէ օրենսդրական կետի: Իրավունք չունենք մարդկանց բարի համբավի հետ խաղալ եւ խոսել կաշառակերության մասին, բայց կարող ենք ենթադրել, որ դատարանի վրա ճնշումներ են գործադրվել»:

Իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչ Գեւորգ Չաքմիշյանը փոխանցեց. «Պայմանագիրն այս գործի անկյունաքարն է, առանց դրա չենք կարող որեւէ մեկնաբանություն անել կողմերի իրավունքների եւ պարտականությունների մասին: Դատարանը ճիշտ է արել, որ մեկնաբանել է պայմանագիրը, որպեսզի պարզ դառնա, թե, ի վերջո, համալսարանն ինչ պարտավորություն է ստանձնել Անահիտ Մանասյանի հանդեպ: Եվ տվյալ դեպքում որեւէ պարտավորություն՝ լիսանզ եւ բակալավրի դիպլոմ տրամադրելու առումով չկա: Իսկ բողոքարկելը նրանց իրավունքն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել