Երեկ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցությամբ Մայր աթոռի միաբանների եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, տեղի է ունեցել Մայր աթոռի հովանու ներքո արդեն 8-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայոց եկեղեցու պատմություն եւ բնագիտական առարկաների գծով անցկացվող մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել եւ խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով, ստեղծագործական եւ դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին: Մրցույթն անց է կացվում հովանավորությամբ Մայր աթոռի բարերարներ, ամերիկաբնակ քույրեր Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյանների:
ԿԳՆ հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցել է 300 ուսուցիչ, որոնցից 41-ն է անցել եզրափակիչ փուլ: Մրցույթի հաղթողներին շնորհավորեց նախարար Արմեն Աշոտյանը: «Հայոց կրթության բազմադարյա պահապանը եւ հովանավորը եղել է Հայոց եկեղեցին»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը:
Ապա Մայր աթոռի միաբան, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը 39 ուսուցիչների հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն:
Առաջին մրցանակի արժանացան Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Աստղիկ Խաչատրյանը (Գյումրիի թիվ 11 դպրոց), Հայոց լեզու եւ գրականություն առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Խաչատրյանը (Վանաձորի թիվ 5 դպրոց), Հայոց պատմություն առարկայի ուսուցչուհի Հասմիկ Գափլանյանը (Վաղարշապատի թիվ 2 դպրոց) եւ Կենսաբանություն առարկայի ուսուցչուհի Անահիտ Գեւորգյանը (Հրազդանի թիվ 11 դպրոց): Երկրորդ մրցանակը ստացավ 8 ուսուցիչ: Երրորդ մրցանակ տրվեց 11 ուսուցչի: Մրցանակների արժանացավ մրցույթի մասնակից եւս 16 ուսուցիչ: