Երեկ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում «Առավոտը», անդրադարձել էին Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական եւ համեմատական լեզվաբանության հայկական բաժնի դոկտոր Ժիրայր Քոչարյանի մտահոգությանը, թե համալսարանում գործող հայագիտության ամբիոնը փակման եզրին է:
Այդ կապակցությամբ Սփյուռքի նախարարությունը երեկ պարզաբանում է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Իրոք, ժամանակին ՀՀ սփյուռքի նախարարությունում խնդիրը քննարկվել է պարոն Ժիրայր Քոչարյանի հետ, եւ հարցը ներկայացվել է ՀՀ նախագահին: Նրա հանձնարարությամբ, 2010թ. պետական բյուջեի նախագծի ՀՀ ԿԳՆ հատվածում նախատեսված է 7 միլիոն 769 հազար դրամ՝ Բեռլինի Ազատ համալսարանի հայագիտության ամբիոնին հատկացնելու համար: Բյուջեի նախագիծն այժմ գտնվում է ՀՀ ԱԺ-ում, որը չենք կասկածում, որ կհաստատվի եւ համապատասխան գումարը կտրամադրվի համալսարանին»:
Նկատենք սակայն, որ պարոն Քոչարյանի տվյալներով՝ հայկական կողմը պետք է ներդնի առնվազն 24 հազար եվրո, որը կազմում է գրեթե 14 մլն դրամ, այսինքն՝ բյուջեում նախատեսվածի կրկնակին: