Երեկ «Կոնգրես» հյուրանոցում գումարվեց «Կրթություն եւ համապատասխանություն. 1-ին ծրագրի ամփոփումը եւ 2-րդ վարկային ծրագրի մեկնարկը» խորագիրը կրող համաժողովը:
Հիշեցնենք, որ «Կրթության որակ եւ համապատասխանություն» 1-ին ծրագիրը մեկնարկել էր 2004թ., որի համար ներդրվել էր $13 200, ինչպես նաեւ՝ $19 միլիոնին համարժեք դրամ՝ 10 տարի մարման ժամկետով: Առաջին ծրագիրը կազմված էր մի շարք ենթածրագրերից՝ հանրակրթական համակարգ, առարկայական ծրագրեր, գնահատման նոր համակարգ, տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում, ուսուցիչների մասնագիտական կատարելագործում, հանրակրթության համակարգի կառավարում եւ արդյունավետության բարձրացում: Տարբեր փորձագետների եւ կրթության բնագավառի մարդկանց կարծիքով՝ չնայած բազմաթիվ բացթողումներին եւ շեղումներին, կարելի է նշել, որ 1-ին վարկային ծրագրի որոշ բաժիններ հաջողությամբ են իրականացվել, որոշները՝ բավարար չափով, իսկ կան ոլորտներ, որտեղ ծրագիրը գրեթե տապալվել է, խոսքը, մասնավորապես, ուսուցիչների մասնագիտական կատարելագործման մասին է:
Երեկվա համաժողովին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր կարծիքն է արտահայտել 1-ին ծրագրի կատարման մասին, ասելով. «Ի մի բերելով վարկային առաջին ծրագիրը, պետք է փաստել, որ այդ ծրագրի իրականացման շնորհիվ Հայաստանում հնարավոր դարձավ իրականացնել այնպիսի բովանդակային, կառուցվածքային եւ ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնք թույլ են տալիս մեր կրթական համակարգը բնութագրել իր ընդհանուր կառուցվածքով՝ որպես արդի կրթական համակարգ»:
2-րդ վարկային ծրագիրը, որի մեկնարկը կտրվի այսօր, նախատեսում է հիմնական մարտահրավերների դիմակայում՝ պայմանավորված, մասնավորապես, տնտեսական ճգնաժամով, կրթության ծախսերի աճ, ինչպես նաեւ 1-ին ծրագրի արդյունքների հիման վրա բարեփոխումների շարունակականություն: «Վարկային 2-րդ ծրագրով մենք ցանկանում ենք կենտրոնանալ նաեւ նախադպրոցական կրթության վրա, որովհետեւ ճգնաժամը հատկապես նախադպրոցական կրթության վրա է ազդել: Այս ծրագրով կընդլայնենք գործընկերությունը՝ անդրադառնալով մանկապարտեզներին, քանի որ այստեղ են սովորում՝ ինչպես սովորել»,- ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը: 2-րդ վարկային ծրագրի նպատակն է ՀՀ կրթական համակարգի զարգացումն ուղղորդել դեպի գիտելիքահեն տնտեսության պահանջները: Այս ծրագրի շրջանակներում կրթության ոլորտում բարեփոխումներ պետք է իրականացվեն ոչ միայն հանրակրթության ոլորտում, այլեւ նախադպրոցական հաստատություններում, ավագ դպրոցում եւ բուհերում: Ծրագիրը տեւելու է 2009-2014 թթ., ընդհանուր արժեքը կազմում է $31, 26 մլն, որից ՀԲ-ի վարկը կազմում է $25 մլն, իսկ ՀՀ պետբյուջեի միջոցները՝ $6,26 մլն:
Ըստ ԿԳ նախարարի՝ 2-րդ վարկային ծրագրի շրջանակում 140 համայնքներում պետք է ստեղծվեն նախադպրոցական դասարաններ, բայցի այդ, ծրագրի շրջանակներում տրամադրվելու են ուսանողական վարկեր, ինչպես նաեւ ունենալու ենք նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ՝ բուհերի համար եւ փորձելու ենք բուհերին ֆինանսավորել ըստ իրենց մրցակցային առավելության. այն է՝ գումարը պետք է տալ նրան, ով աշխատում է եւ արդյունք է ցուցաբերում: