Լրահոս
Օրվա լրահոսը

8. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 23,2009 00:00

\"\"
Տեսարան աղբանոցից:

\"\"
Ակիհիկո Հիրայաման եւ ճապոնացի մյուս մասնագետները աղբանոցի գազերի այրման կայանի մոտ:

Պատմում են, որ հինգ տարի առաջ ժամկետանց եւ դուրս գրված շոկոլադի մեծ քանակություն էին թափել աղբանոցում, խնամքով ծածկել հողով, աղբի շերտով: Սակայն Նուբարաշենից մարդիկ եկել են, սկսել փորել աղբը, հասել շոկոլադի շերտին: Մեկն էլ աղբի մեջ հինգ մետր թունել էր բացել, կրկին հասել շոկոլադին, սակայն աղբե պատերով թունելը փլվել է, իսկ մարդը մինչեւ օգնության հասնելը խեղդվել էր գազերից:

Աղբանոցի աշխատողները խուսափում են հիշել այս դեպքը:

Երեք կին աղբանոցում ինչ-որ իրեր էին առանձնացնում: Մոտեցա նրանց: Տախտակի կտորի վրա, ալյումինե կաթսայի մեջ եփած կարտոֆիլ էր եւ ձու: Հավանաբար, ճաշի էին պատրաստվում: Նրանցից ամենաերիտասարդի աղբ ու մրից սեւացած դեմքին տարօրինակ գեղեցկությամբ փայլող կապույտ աչքերը չարությամբ ինձ նայեցին:

– Չփորձես մեզ նկարել, -գոչեց նա,- գնա ձեր կաշառակերներին, թալանչիներին նկարի:

Նրա մեջ խոսում էր անդունդի հատակին հայտնվածի վիրավորանքը: Նա ավելի էր չարացած ճակատագրի վրա, քանի որ չի կարողացել օգտվել բնության կողմից նվիրված գեղեցկությունից: Նա ճակատագրի նկատմամբ կուտակած ողջ չարությունն ինձ վրա էր թափում:

– Քեզ ասացի՝ գնա՛ այստեղից:

– Այս տարածքը քո՞նն է:

– Իմը չի, բայց գնա՛:

– Ես ուզում եմ զրուցել ձեզ հետ, տեղեկանալ՝ ինչպե՞ս եք ապրում:

– Չե՞ս տեսնում, որ չենք ապրում: Չենք էլ ուզում խոսել քեզ հետ: Գնա՛ այստեղից:

Կանանցից մեծահասակը հանգիստ ասաց.

– Եթե հարցնելու բան ունես, ասա, ես կպատասխանեմ:

– Երեխաներ, ընտանիք ունե՞ս:

– Այո, տղա եւ աղջիկ:

– Նրանք աշխատո՞ւմ են:

– Այո, աշխատում են:

– Եվ թույլ են տալիս, որ ամեն օր աղբանո՞ց գաս:

– Սա էլ է աշխատանք: Պիտի ապրենք, բա ի՞նչ անենք:

– Գնա՛ այստեղից,- կրկին գոչեց երիտասարդ կինը:

Մի աղբակույտի մոտ շտապօգնության մեքենա էր կանգնած: Մտածեցի, որ երեւի քչփորողներից մեկը վատացել է, հավանաբար՝ մեթան գազ է շնչել ու շտապ մեքենա են կանչել: Բայց չէ, դռները բաց են, ու ինչ-որ բան են բեռնաթափում: Համառորեն չէի ուզում մտածել, որ այն դիահերձարաններից է գալիս ու … Բայց մի՞թե առողջապահության նախարարությունը մինչեւ հիմա այլ ելք չի գտել։ Մեկ այլ փոքր չափի փակ թափքով բեռնատար կանգնել էր մեկ այլ աղբակույտի մոտ ու սպասում էր, որ իրենց ուզած երկրորդական հումքի բավարար քանակություն հավաքվի:

– Սրանք ի՞նչ մեքենաներ են, -դիմեցի ուղեկցիս՝ Տիգրան Մուշեղյանին:

– Աղբ են բերել թափելու:

Սակայն ես մտածեցի, որ նրանք եկել են քչփորողների առանձնացրած հին կոշկեղենը, հին շորերը, թղթի թափոնը, պլաստմասսան, գունավոր մետաղները, շշերը գնելու եւ որպես երկրորդական հումք վերավաճառելու համապատասխան արտադրություններին: Փաստորեն, քաղաքում վաղուց գործում է երկրորդական հումքի արդյունաբերական օգտագործման մեխանիզմի պարզագույն ձեւը: Այս սխեմայի մեջ են ընդգրկված նաեւ քաղաքի աղբարկղերի հարյուրավոր քչփորողները:

Հիշեցի Լայպցիգ քաղաքի աղբանոցը: Խորհրդային մասնագետներից մեկը, որը ՋԷԿ-ի կառույցում էր աշխատում, շաբաթ ու կիրակի օրերին աղբանոցում էր անցկացնում: Նա այդտեղ կցասայլ էր հավաքել իր ավտոմեքենայի համար, հետո սկսել էր հեծանիվի մասեր հավաքել: Մի օր էլ մեկ ամսով մի հեծանիվ տվեց ինձ, որով երեկոները զբոսնում էի Լայպցիգի անտառում: Սակայն մի օր էլ ԳԴՀ-ում ԽՍՀՄ դեսպանի տնտեսական գծով խորհրդականը Բեռլինից եկավ ու նախատեց խորհրդային մասնագետին, որ աղբանոցն է քչփորում: Նա հայտնեց, որ կապիտալիստական Գերմանիայի թերթերն արդեն գրում են այդ մասին:

Եթե քչփորողները չէին ուզում հայտնվել իմ օբյեկտիվի տեսադաշտում, ապա ճայերի երամները լուսանկարելու համար առանձին խնդիր չունեի։ Մի քանի կադրեր լուսանկարելուց հետո աղբանոցից վերադարձա գրասենյակ, որտեղ պետք է հանդիպեի ճապոնացի մասնագետներին:

Թարգմանչուհին՝ Լուիզա Քլոյանը, ինձ ներկայացրեց «Շիմիցու» կորպորացիայի ներկայացուցիչ, էներգետիկայի դոկտոր Ակիհիկո Հիրայամային, որը միջին հասակի, ժպտադեմ մարդ էր: Նա ասաց, որ ծրագրի նպատակն է նվազեցնել օրգանական աղբանյութերի տաքացումից առաջացած մեթան գազի արտանետումը մթնոլորտ: Այն նպաստում է օզոնի շերտի ոչնչացմանն ու երկրագնդի տաքացմանը, որոնց հետեւանքները աղետալի կարող են լինել:

– Ինչքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք, -հարցրի ես:

– Ընդհանուրը մեկ տարի է կազմում,- ասաց Ակիհիկոն,- Ճապոնիայի ու Հայաստանի միջեւ նմանություն շատ կա: Երկուսն էլ արեւելան հին մշակույթ ունեցող երկրներ են, արտաքինով եվրոպական են, սակայն դարերի խորքից եկող մշակույթով արեւելյան են: Այստեղ մարդիկ բարի են, հանդուրժող:

– Սնունդի տեսակետից խնդիրներ չունեցա՞ք Հայաստանում:

– Ընդհակառակը, օրինակ, ես խոզի խորոված շատ եմ սիրում: Իսկ ինձ համար հայտնություն էր պոմիդորով ձվաձեղը: Այդքան համեղ կերակուր ես չէի պատկերացնում: Եթե մի օր չեմ ուտում՝ օրս օր չի:

– Լավ,- ասացի ես,- ասացիք լավ բաների մասին, իսկ ի՞նչ թերություն եք նկատել: Դա կարեւոր է ձեր հայացքով ինքներս մեզ ճանաչելու իմաստով:

– Դժվարանում եմ ասել, քանի որ առավելությունները, լավը շատ են:

– Ավելի շուտ՝ թերություններն ու սխալներն այնքան շատ են, որ դժվարանում եք կողմնորոշվել, թե որն ասեք:

– Չէ, չէ, իրոք ես սիրում եմ Հայաստանը:

– Ճապոնացին, որը ժամանակակից քաղաքակրթության զարգացման մեջ իր նշանակալի ներդրումն ունի, չի՞ ուզում նշել, թե ինչն է մեզ խանգարում նշանակալի առաջընթաց ապրելու համար:

-Իրոք դժվար է կողմնորոշվել…

-Լավ, վերադառնանք ծրագրին: Մի՞թե մեթանի հենց այնպես այրելը ճիշտ քայլ է: Այրումից ստացվող էներգիան կարո՞ղ է օգտագործվել:

– Իհարկե, փոքրիկ էլեկտրակայան կարելի է աշխատեցնել,- ասաց ճապոնացին,- այն լիովին կարդարացնի իրեն:

– Իսկ աղբանոցում քչփորելով՝ նյութերի երկրորդական օգտագործման այս եղանակը շատ չի՞ պարզունակ վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ:

– Լիարժեք բարեկեցությունը կլուծի այս խնդիրները, -ասաց ճապոնացի մասնագետը:

– Թե հակառակը՝ խնդիրների լուծումով լիարժեք բարեկեցության կհասնենք:

Ես դուրս եմ գալիս Նուբարաշենի աղբանոցի տարածքից, գիտակցելով, որ քաղաքի ու աղբանոցի հարաբերություններում չբացահատված շատ երեւույթներ դեռ մութ են մնում ինձ համար: Շինարար տղաներից մեկն ասաց, թե քչփորողները երբեմն աղբանոց են գալիս սեփական «Մերսեդեսներով»: Դա ոչ միայն ճշմարտություն չէր կարող լինել, այլեւ հեռու էր իրականությունից: Դժվար է հավատալ, թե նրանք աղբանոցում թաքցրած կամ նետած գանձ, փողի խուրձ են գտնում ու միանգամից հարստանում: Առավոտից իրիկուն աղբանոցի անտանելի հոտի մեջ քչփորող կանայք ու տղամարդիկ հազիվ օրվա ապրուստն են հոգում, ու տեսնելով լուսանկարչական խցիկով մարդու, նրան վերեւի «բարեկեցիկ» աշխարհից հատուկ ուղարկած մարդ են համարում, որը եկել է խլելու գոյությունը պահելու իրենց այս վերջին հնարավորությունը: Այս մարդիկ ոչ թե արհամարհանքի, այլ իրական օգնության ու գթասրտության կարիք ունեն, մանավանդ, երբ տեսնում ես աղբանոցի տարածքում հողի մեջ փորած նրանց կացարանները:

Սակայն խղճահարությամբ հարց չես լուծի: Ելքը եվրոպական, զարգացած այլ երկրների փորձն է: Նախ պետք է ուժ ստանա գործի կազմակերպման ձեւն ու ֆինանսական աղբյուրների հարցը: Եվրոպայում երկրորդական հումքից արտադրանք ստացող կազմակերպությունը բնապահպանական հիմնադրամին թափոնների փաթեթավորման համար նախապես որոշակի գումար է հատկացնում: Խոշոր մասշտաբով թափուկների հավաքման համակարգը պետք է այսպիսին լինի. կազմակերպությունները, որոնք իրենց արտադրությունում կամ առեւտրում օգտագործում են երկրորդական հումքից պատրաստած տարաներ կամ փաթեթավորման նյութեր՝ օրենսդրորեն հաստատված չափով բնապահպանման տուրք են մուծում, կախված նյութի տեսակից (պլաստմասսա, թուղթ, մետաղատարա, ապակի, գունավոր մետաղ եւ այլն): Թափոնքով զբաղվող կազմակերպությունները բնակչությունից ու ձեռնարկություններից հավաքում կամ մթերում են երկրորդական հումքը եւ մատակարարում դրանք վերամշակող կազմակերպություններին: Հավաքված միջոցները, բացառությամբ գովազդի համար ծախսվող գումարների, բնապահպանական հիմնադրամից լրավճարի տեսքով տրվում է երկրորդական հումք մթերող կազմակերպություններին՝ կախված նյութի քանակից: Գործի նման թափանցիկ կազմակերպումն ու մթերող կազմակերպությունների մրցակցության մեխանիզմի մեջ ընդգրկումը կնպաստի ծավալների մեծացմանն ու լրավճարի եւ շահույթի ավելացմանը:

Թափոնք հավաքողներն ու մթերողները ճյուղի զարգացման համար անհրաժեշտության դեպքում պետք է հնարավորություն ունենան վարկ վերցնել ոչ թե բանկերից, այլ բնապահպանական հիմնադրամից եւ ազատորեն ձեռք բերել այն սարքերը, որոնք նա անհրաժեշտ է համարում: Այս ընթացքում քաղաքապետարանի աստիճանավորները չպետք է ֆոնդից օգտվողների ցուցակից դուրս համարեն մասնավոր կազմակերպություններին ու այդպես «քցեն» մասնավորներին: Բոլոր դեպքերում պետք է այս գործընթացը շահավետ ու զարգացող լինի:

Սա թափոնքի ու աղբանոցների խնդրի լուծման միայն մի տարբերակ է, ըստ իս՝ շատ հարմար մեր բնակչության ու արտադրողների մտածելակերպին: Միայն Նուբարաշենի աղբանոցի օրինակով կարող ենք ասել, որ այդ մեխանիզմը, թեկուզ պարզունակ ձեւով, գոյություն ունի եւ գործում է: Սակայն այն ձեռնտու է միայն հաշվված մարդկանց: Այն ամենեւին չի լուծում աղբանոցների անչափ մեծացման ու բնապահպանական խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել