2009 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով, Սյունիքի զբաղվածության չորս տարածքային կենտրոններում գրանցվել է 8861 աշխատանք փնտրող քաղաքացի: Մարզում գործազուրկի կարգավիճակ ունի 6636 մարդ, որոնցից 4652-ը կանայք են: Ըստ Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ մարզում 401-ով նվազել է աշխատանք փնտրողների թիվը, 577-ով՝ գործազուրկների թիվը: Ընթացիկ տարում աշխատանքի է տեղավորվել 588 քաղաքացի:
Այսօրվա աշխատաշուկայում գործազուրկներին մրցունակ դարձնելու նպատակով Զբաղվածության կենտրոնը շարունակում է կառավարության միջոցներով գործազուրկների համար կազմակերպել վերապատրաստման դասընթացներ: Ընթացքի մեջ են խոհարարական հմտություններ, սեղանի ձեւավորում, սալիկապատում, եռակցում մասնագիտացումներով վերապատրաստման դասընթացները՝ 63 գործազուրկի համար: Նոյեմբերից երկու ամիս ժամկետով ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ սյունեցի գործազուրկների համար եւս նման դասընթացներ կկազմակերպվեն: