Հոկտեմբերի 21-ին տեղեկացրել ենք, որ Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի «Համայնքների զարգացում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ը եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ստեղծել են «Հայաստանի գյուղական եւ քաղաքային համայնքներ» տեղեկատվական բազա, ուր կան մտահոգիչ իրողություններ. 560 գյուղում չկա մանկապարտեզ, գյուղատնտեսական հողերի 25%-ը չի մշակվում, 587 համայնքապետարան՝ կրթության եւ գիտության վրա ծախսեր չի արել, 860 համայնքապետարան էլ առողջապահության ուղղությամբ ծախսեր չի արել եւ այլն: Նույն նախարարության, Հայաստանի համայնքների ասոցիացիայի եւ Եվրոպայի խորհրդի համատեղ ջանքերով էլ պատրաստվել է «Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում վերապատրաստման կարիքների գնահատում» զեկույցը: Նման առաջին ուսումնասիրությունը 2004 թվականին էր անցկացվել: Զեկույցում էլ լուրջ խնդիրներ են ներկայացված:
Հարցվել են ՀՀ բոլոր տասը մարզերից 293 գյուղ եւ 48 քաղաք: Հենվելով ՏԻՄ ղեկավարների, համայնքապետարանների քարտուղարների եւ ֆինանսիստների հետ զրույցների վրա, զեկույցի հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանի համայնքների 1/3-ում աշխատանքների կազմակերպման մակարդակը անբավարար է: Բոլոր համայնքներում էլ կադրերի բաժինը մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից պահանջներից հեռու է, չի զբաղվում աշխատողների ներուժի բացահայտման եւ նման այլ հարցերով, համայնքապետարաններում չկան աշխատողների առաջխաղացման ծրագրեր: Հարցված համայնքապետերի՝ 75%, իսկ աշխատակիցների՝ մոտ 50%-ը ասել է, որ 2008 թվականին 0 (զրո) oր է տրամադրել կրթությանը: Սրանով հանդերձ, համայնքապետերի՝ 36%, իսկ աշխատողների՝ 60%-ն ասել է, որ վերապատրաստման կարիք ունի:
Համայնքների 52%-ը որեւէ հասարակական կազմակերպության հետ համագործակցության պայմանագիր չունի, որոշ համայնքներում ասել են, թե իրենց մոտ հ/կ-ներ պարզապես չկան: Այլ երկրների քաղաքների ու գյուղերի հետ համագործակցությունն էլ ցածր մակարդակի վրա է: Մեր գյուղերի միայն 2%, իսկ քաղաքների 56%-ը միջազգային համագործակցություն եւ շփումներ ունի:
Համայնքապետարանների 90%-ն ունի ռազմավարական զարգացման պլան, 2004 թվականի համեմատությամբ կա որոշակի առաջընթաց, բայց առավելապես՝ քաղաքներում: Գյուղերում թռիչքներ չկան եւ դեռ ավելին. առանձին չափորոշիչների մասով ընդհանրապես տեղաշարժ չկա: Օրինակ, ինտերնետի հասանելիության առումով գյուղերում բան չի փոխվել: Բարելավում չկա նաեւ կոյուղու եւ ճանապարհների ոլորտներում: