Տեւական ժամանակ է՝ Էջմիածինը վերապրում է մութ ու խավար տարիները: Քաղաքի գրեթե բոլոր թաղամասերը օրվա տարբեր ժամերի, երբեմն էլ՝ բոլորը միաժամանակ, հոսանքազրկվում են: Դա կարող է պատահել օրվա ընթացքում մի քամի անգամ, ցանկացած ժամի:
Թերեւս իմաստ չունի ներկայացնել հոսանքազրկման հետեւանքով առաջացած այն խառնաշփոթը, որին ակամա ենթարկվում են աշխատող հիմնարկ-ձեռնարկություններն ու շարքային քաղաքացիները՝ իրենց բնակարաններում: Այն, որ քաղաքը հարկադրաբար ենթարկվում է էներգետիկների պարտադրանքին, դա դեռ հարցի մի կողմն է: Հարցի երկրորդ կողմը որակն է. էլցանցերը ի՞նչ որակի ապրանք են մատակարարում սպառողին:
Մեզ հետ զրույցում բնակիչները բողոքում էին, որ հոսանքի հաճախակի տատանումներից փչացել-շարքից դուրս են եկել իրենց թանկարժեք էլեկտրական սարքավորումները: «Վախից սառնարան չենք միացնում. աչքս հարեւանիս հետ պատահածից վախեցավ: Խեղճերը սառնարանն անցած տարի էին գնել, էդ տատանումներից վառվեց: Բայց ինչքա՞ն կարելի է յոլա գնալ առանց սառնարան»,- ասաց ներկայանալ չցանկացող կանանցից մեկը: «Եթե անունս գրեք՝ ընտանիքով խնդիրներ կունենանք»,- ասաց նա:
Մեկն էլ գանգատվում էր, որ օրերով լվացքը չի կարողանում ավարտել: Ինքն էլ որոշել է գործը թողնել կիրակի օրվան, մտածելով, որ էներգետիկները գոնե ոչ աշխատանքային օրը հոսանքի հետ խաղ չեն անի. «Բայց, փաստորեն, մի 5-6 ժամ էլ կիրակի օրը լույս չտվեցին: Իսկ հլա փորձի մի երկու օր վարձը ուշացրու. էլ հաշվի չեն առնի, որ բարեխիղճ բաժանորդ ես, որ երբեւէ պարտք ու պահանջ չես ունեցել հետները, կգան ու՝ էլի առանց նախազգուշացնելու, հոսանքդ կանջատեն: Իրենց տնօրինության տակ է, ոնց ուզում՝ անում են»:
Քաղաքը պարբերաբար հոսանքազրկելու պատճառները պարզելու համար զանգեցինք ՀԷՑ ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի Էջմիածնի տարածքի ղեկավարին: Քարտուղարուհին ասաց, որ պետը զբաղված է. «Դիմեք տեղակալին»:
Տեղակալ Վիրաբյանը հակիրճ պատասխանեց հարցերի միայն առաջին մասին. «Անջատումները պայմանավորված են վերանորոգումներով»: Իսկ թե անջատումներից առաջ բնակիչներին ինչո՞ւ չեն նախազգուշացնում կամ ո՞վ է փոխհատուցելու նրանց հասցրած նյութական վնասը, Էջմիածնի էլցանցի պետի տեղակալը խորհուրդ տվեց «այդ հարցերով դիմել գլխավոր ինժեներին»: Գլխավոր ինժեների հեռախոսը լուռ էր: