Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼՑԱՆՑԻ ՊԵՏԸ ՎՃԱՐՈՒՄ Է

Հոկտեմբեր 23,2009 00:00

Մեր հրապարակումներն օգնում են հողի հարկի հավաքմանը

\"\"
Թող Արմեն Ղուլարյանի օրինակը վարակիչ դառնա:

«Առավոտի» երեկվա համարում մանրամասն անդրադարձել ենք Տավուշի մարզխորհրդի վերջին նիստին: Բայց մի հարց՝ մարզի համայնքների բյուջեների 9 ամիսների կատարողականը, ներկայացնում ենք առանձին: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը զեկուցեց, որ մարզի համայնքների 2009 թվականի բյուջեն 1,905 միլիարդ դրամ է: Հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջե է մուտքագրվել 1,277 միլիարդ դրամ՝ նախատեսվածի 91%-ը: Սեփական եկամուտները դժվարությամբ են գանձվում: Անցած 9 ամսում Իջեւանի տարածաշրջանի համայնքներում սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 75%, Դիլիջանում՝ 90%, Բերդում՝ 75%, Նոյեմբերյանում՝ 60%-ով: Մարզպետ Արմեն Ղուլարյանը Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյանին հարցրեց, թե էլցանցի աշխատակիցների ունեցած հողի հարկի մեծ պարտքերի մասին «Առավոտի» հրապարկումից հետո իրավիճակը փոխվե՞լ է («Առավոտ», 11 օգոստոս, «Ինչ դժվար է գանձվում հողի հարկը»): Համայնքապետն ասաց, որ տեղաշարժ կա. էլցանցի Սեւքարի տեղամասի պետի աշխատավարձից այդ նպատակով ամսական 15 հազար դրամ պահում են կատարում: Հիշեցնենք, որ էլցանցի պետ Հովսեփյանի պարտքը անցնում է 230 հազարից:

Իսկ հողի հարկի գանձման ցուցանիշը բարելավելու համար նիստում առաջարկ հնչեց՝ նախ գանձել բյուջետային հիմնարկների աշխատողների՝ մասնավորաբար ուսուցիչների պարտքերը: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը այս առթիվ նկատեց, որ մանկավարժները հողի պարտքի մասին հաճախ ասում են, թե իրենք պարտք չունեն, իրենցից առանձին ապրող սկեսրայրն է պարտք, ում վրա չեն կարող ազդել: «Եթե ուսուցիչը այդ հողի բարիքը վայելում է, ուրեմն պիտի վճարի»,- ասաց մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով առաջիկայում հարցը կքննարկի մարզի դպրոցների տնօրենների հետ: Ի դեպ, Սեւքարի համայնքապետը ասաց, որ համագյուղացի էլեկտրիկների նման, համագյուղացի ոստիկաններն էլ հողի հարկի պարտքեր ունեն: Մարզպետ Ղուլարյանն էլ կեսկատակ նկատեց, որ մեր թերթում կկարդա այս մասին: Մնում է հրապարակումից հետո ոստիկանները հետեւեն էլեկտրիկների օրինակին ու թեկուզ մաս-մաս մարեն պարտքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել