«Առավոտում» (30.09.2009) հրապարակվել էր «Դատավորի օգնականը որոշում է կայացրել. լիազորությունների յուրացման նախադեպ» հոդվածը, որում անդրադարձ էր եղել Մերձավան գյուղի բնակիչ Սիլվա Շահվերդյանի դիմումին՝ ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Ա. Մաթեւոսյանին:
Նշված դիմումով տիկին Շահվերդյանը հայտնել էր, որ ինքը վերաքննիչ բողոք է բերել դեռեւս 1997թ. կայացված մի վճռի դեմ, որով, իրեն գործին մասնակից չդարձնելով՝ դատարանը բռնագանձում է տարածել Մերձավան գյուղի իր տան վրա, եւ այն կադաստրում գրանցվել է այդ գործով հայցվորի անվամբ, թեեւ ինքը մինչ օրս շարունակում է բնակվել իր տանը եւ այդ վճռի մասին տեղեկացել է միայն 2009թ. ապրիլին, երբ այն ստացել է դատարանից՝ իրեն իր տնից վտարելու հայցի կապակցությամբ:
Վերաքննիչ բողոքը վերադարձվել էր դատավորի օգնականի գրությամբ, այն դեպքում, երբ բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցը պետք է լուծեր դատարանը՝ ի դեմս դատավորների, ինչն էլ պահանջում էր Սիլվա Շահվերդյանը:
Օրերս տիկին Սիլվան ստացել է վերաքննիչ դատարանի 12.10. 2009թ. որոշումը, որով վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել եւ նշանակվել է դատական նիստ:
«Առավոտը» հետեւելու է նշված գործի հետագա զարգացումներին: