Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նախորդ օրը կալանավորել էր եւ մեղադրանք առաջադրել փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցել էր Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ:
«Այն տեղեկատվությունը, թե Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը կալանավորվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով, իրականությանը չի համապատասխանում»,- «Day.Az-ին» հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը:
Բաբաեւի ասելով, ԱՀ ԱԱՆ-ը այդ մարդուն չի ճանաչում, սակայն պարզ է, որ «այդ միտումնավոր տարածված տեղեկատվությունը սադրիչ բնույթի է»: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կալանավորվել է Հայաստանի զինված ուժերի նախկին փոխգնդապետ Գեւորգ Հայրապետյանը, ով մեղադրվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար: Կալանավորվել է նաեւ օտարերկրյա քաղաքացի, ով կապ է իրականացրել Հայրապետյանի եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ: