Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի կարծիքով՝ վտանգված է սեփականության իրավունքը

Հոկտեմբեր 23,2009 00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ս.թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարությունը կայացրել է թիվ 944-Ն որոշումը՝ Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն («Առավոտ», 08.10.09թ., 15.10.09 թ. 17.10.09թ.) եւ ըստ փաստաբան Կարեն Մեժլումյանի՝ Հալիձոր գյուղական համայնքի բնակիչներն իրենց դժգոհությունն են արտահայտում այն մասին, որ սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասերի 1քմ-ի դիմաց 100 դրամ փոխհատուցում է առաջարկվում: Սա այն դեպքում, երբ համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի Գորիսի տարածքային ստորաբաժանման՝ այդ հողամասերի 1քմ-ի կադաստրային արժեքը կազմում է 222 դրամ:

Հալիձորցիները դժգոհում են նաեւ, որ մինչեւ օտարման պայմանագրերի կնքումը, սեփականության իրավունքով դեռեւս իրենց պատկանող հողամասերում սկսվել են հողաշինական աշխատանքներ:

Վերջին տարիներին թե՛ հրապարակային ելույթների ընթացքում, թե՛ տարեկան զեկույցներում բազմիցս անդրադարձել եմ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու գործընթացում թույլ տրվող սեփականության իրավունքի խախտումներին եւ նշել եմ, որ այդ գործընթացում պետք է խստիվ պահպանվեն սեփականատերերի իրավունքները: Այլապես, երբ ոտնահարված սեփականության իրավունքը վերականգնվում է միջազգային դատական ատյանի որոշմամբ, վնաս է հասցվում եւ՛ պետության հեղինակությանը, եւ՛ բյուջեին»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել