Շատերը կհամաձայնեն, որ «դեղին ավտոբուսները» երթուղային տաքսիների համեմատությամբ ավելի հարմարավետ են: Ուղեւորն այստեղ կարող է հասակով մեկ կանգնել, ազատ տեղաշարժվել, իսկ եթե հաջողվի նստած հասնել ուզած վայրը, դա նույնն է, ինչ օգտվես օդանավի «բիզնես կլասից»:
Ավտոբուսներն իրենց արագությամբ չեն զիջում երթուղայիններին:
Սակայն «դեղինների» հետ կապված՝ կա մի խնդիր: Դա սկսվում է այն պահից, երբ ուզում ես ուղեվարձը տալ: Դրա համար հասակով մեկ փռվում ես վարորդի կողքին գտնվող «մաքսային կետին»: Տարածությունն այնքան մեծ է, որ այլ կերպ վարվել չես կարող: Վարորդն անգամ, եթե շրջվի եւ ձեռքը մեկնի, միեւնույն է՝ պառկելդ պարտադիր է, անհրաժեշտ:
Ինչքա՞ն պառկել: Լավ կլիներ, որ «մաքսային գոտուն» ամրացվեին դրամարկղեր, որպեսզի քաղաքացին առանց վտանգավոր շարժումներ կատարելու՝ վճարեր իր վարձը եւ հեռանար: