Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Իրանցիներին «քցել» չհաջողվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանի հրապարակած դատավճռով՝ 49-ամյա Ա. Հովհաննիսյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման:

Նախկինում չդատված Ա. Հովհաննիսյանն իրեն մեղավոր է ճանաչել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ:

Նա Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Պարտֆիզիոլոգիա» առարկայի կիսամյակային քննության օրը փոխելու եւ նախատեսվածից շուտ քննություն նշանակելու պատրվակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոնա Մենսուրի Ասղարիից ստացել էր 387 673 ՀՀ դրամին համարժեք $1100: Բնականաբար, չէր կատարել խոստումը եւ յուրացրել էր նշված գումարը:

Մոնայից բացի, Արթուրը «քցել» էր նաեւ մեկ այլ իրանցու՝ Ալի Ռահմաթոլանի Բեհդադին: Իմանալով, որ վերջինս ցանկանում է անգլերեն լեզվով մենեջմենտ մասնագիտություն ունեցող որեւէ բուհ ընդունվել, ստացել է $8300 (2 531 500 դրամ): Իրանցին այդպես էլ որեւէ բուհ չէր ընդունվել:

Դատաքննությունն ընթացավ արագացված ընթացակարգով: Դատարանը պատիժ սահմանելիս հաշվի առավ այն, որ Ա. Հովհաննիսյանը նակինում արատավորված չի եղել, որ «հանցանքը կատարում է առաջին անգամ», զղջում է կատարածի համար:

Եվ քանի որ Ա. Հովհաննիսյանը իրանցիներից խաբեությամբ ստացած գումարը չէր վերադարձրել, դատարանը վճռեց հօգուտ Մոնա Մենսուրի Ասղարիի՝ Հովհաննիսյանից բռնագանձել 387 673 ՀՀ դրամ, եւ Ալի Բեհդադիի համար՝ 2 531 500 ՀՀ դրամ:

Ա. Հովհաննիսյանը ձերբակալվել է այս տարվա ապրիլի 22-ին եւ պատժի սկիզբն էլ կհաշվի հենց այդ օրվանից:

«Ժուչոկ»՝ հարեւանի համար

Օրեր առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց մի քրեական գործի դատաքննություն:

Բարձրագույն կրթությամբ երեւանաբնակ քաղաքացին (անձնական տվյալները խմբագրությունում են) էլիտար շենքի իր հարեւանի տանը՝ ջեռուցման մարտկոցում տեղադրել էր գաղտնալսող-ձայնագրող սարք: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ապօրինի հավաքել եւ պահել էր հարեւանի անձնական եւ ընտանեկան կյանքի մասին գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

Նշենք, որ հետաքրքրասեր հարեւանը որեւէ գաղտնի ծառայության, գործակալության, կուսակցության կամ պետության համար չի աշխատել: Նա պարզապես «ապրել» է հարեւանի կյանքով: Էլիտար շենքի բնակիչը դատարանում խոստովանեց, որ նման սեր իր մեջ առաջացել է առաջին անգամ:

Դատարանը հաշվի առավ այն, որ քաղաքացին զղջում է, ուստի դատապարտեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

«Ժուչոկը» որպես իրեղեն ապացույց կցվեց քրեական գործին, իսկ ստորագրությունը քաղաքից կամ էլիտար շենքից չհեռանալու մասին՝ մնաց անփոփոխ:

Թոշակառուի հայցը

\"\"Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, պետք է սկսվեր Մարիա Զուրաբի Նազարովայի հայցի քննությունը: Պատասխանող Ագնեսա Պետրոսյանի ներկայացուցիչը զգուշացրել էր դատարանին, որ ինքը հիվանդ է, այդ պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց:

Ըստ թոշակառու հայցվորի՝ Ա. Պետրոսյանը չարաշահել էր իր վստահությունը, եւ Աճառյան փողոցի թիվ 20 հանրակացարանում բնակելի մակերես ձեռք բերելու պատրվակով՝ 2006թ. սեպտեմբեր-հոկտեմբերին իրենից վերցրել $8000 գումար: Այս տարվա ապրիլին Ա. Պետրոսյանը գումարը վերադարձնում է:

Մ. Զուրաբովան ասում է, որ «Թեպետ վերականգնվել է ինձ պատճառված նյութական վնասը ($8000), բայց 2006 թվականին ես այդ գումարով կարող էի գնել մեկ սենյականոց բնակարան քաղաքի ծայրամասում, սակայն այսօր դրանով հնարավոր չէ բնակարան գնել նույնիսկ շրջաններում: Ստանալով գումարիս տոկոսները, հույս ունեմ, որ կարող եմ անկյուն գնել, ուր հանգիստ կանցկացնեմ կյանքիս վերջին օրերը: Ես արդեն 83 տարեկան եմ եւ խնդրում եմ վճիռ կայացնելիս պատասխանողին պարտադրել, նշանակել խելամիտ ժամկետ՝ ինձ պատճառված վնասը ամբողջությամբ եւ միանգամից, այլ ոչ թե մաս-մաս վերականգնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել