Երեկ մի քանի բնապահպանական հասարակական կազմակերպություններ կառավարության շենքի առջեւ ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման՝ բողոքի ակցիա էին կազմակերպել: Ակցիան գլխավորող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ տասնյակ մարդիկ պաստառները ձեռքներին գոռացել են՝ «դավաճաններ»: Մի քանի րոպե չանցած՝ կառավարության շենքի ոստիկանները շրջան են կազմել եւ նրանց ձեռքից պաստառները խլելով՝ պատռել ու նետել են աղբարկղ: «Ա1+»-ի փոխանցմամբ, Զ. Փոստանջյանին վրդովեցրել էր այն, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում ասել էր, որ ՀՀ իշխանավորները պատասխանատու են ընդամենը 3 միլիոն հայերի համար: Մինչդեռ, ըստ Զ. Փոստանջյանի՝ «Այսօրվա իշխանությունները պատասխանատվություն պետք է կրեն ոչ թե 3 մլն, այլ ամբողջ համասփյուռ հայության համար եւ հենց այդ համատեքստում էլ նա ասում է, որ պետք է վավերացվեն Հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ մենք գտնում ենք, որ Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը շարունակությունն է ցեղասպանության, հայրենազրկման եւ մշակութային ժառանգության սպանության, ընդհանրապես հայկական պետության գոյության»: