«Երեւան ջուր» ընկերությունը փորձում է ջրամատակարարման հետ կապված խնդիրները լուծել:
Վերջերես Երեւանի ջրամատակարարումը նկատելիորեն բարելավվել է: Չնայած դրան, մայրաքաղաքի որոշ թաղամասերի բնակիչներ դիմում են «Առավոտին»՝ դժգոհելով ջրի մատակարարման հետ կապված այս կամ այն խնդրից: Նորք-Մարաշ համայնքի 9-րդ փողոցի բնակիչները բողոքում են, որ իրենց ջրամատակարարումը կատարվում է գրաֆիկի խախտմամբ: Նրանց խոսքերով, իրենք ջուր են ունենում առավոտյան եւ երեկոյան՝ 1-2 ժամ, ինչը բոլորովին էլ չի բավականացնում իրենց կարիքները հոգալու համար. «Ոչինչ չենք հասցնում անել այդ ընթացքում, հենց ջուրը տալիս են՝ խառնվում ենք իրար: Չենք իմանում, որը հասցնենք՝ ամանները լվանանք, լվացք անենք, թե լողանանք: Առաջ նորմալ ջուր էին տալիս, չենք հասկանում ինչ եղավ»: Նշենք, որ այս համայնքում առնվազն պետք է 6 ժամ ջուր մատակարարվի: Դժգոհության առնչությամբ «Երեւան ջուր» ընկերությունից մեզ պարզաբանեցին, որ իրենց մասնագետները կատարել են ստուգում, ինչի արդյունքում պարզվել է, որ այս փողոցի ջրամատակարարումն իրականացվում է համաձայն հոկտեմբերի 4-ից գործող գրաֆիկի՝ ժամը 7.00-11.00 եւ 19.00-22.00. «Այնուհանդերձ, «Առավոտին» բողոքած բնակիչները կարող են մեզ ներկայանալ իրենց հասցեներով, որի դեպքում մեր ընկերությունը պատրաստ է վերադառնալ տվյալ խնդրին՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ»:
Բացի այդ, «Առավոտը» դժգոհություններ է ստացել նաեւ Չեխովի 56 շենքի բնակիչներից: «Մեր շենքի պոմպը մեկ ամիս առաջ վառվել էր, եկան «Երեւան ջրի» մասնագետները եւ փոխեցին, սակայն այդ փոփոխությունից հետո մեր ջուրը շատ անկանոն են տալիս: Կարող է գիշերվա 2-3-ին ընդամենը 10 րոպեով ջուր գա եւ կտրվի, մեկ էլ կարող է առավոտյան 7-ի կողմերը կրկին 10 րոպեով գա եւ կտրվի: Հնարավոր է ամբողջ օրվա ընթացքում ոչ մի գրամ ջուր չունենանք: Առանց ջուր մենք ինչքան դիմանանք»,- երեկ նման դժգոհություններով մեզ էին դիմել այս շենքի բնակիչները: Նրանք ասում էին նաեւ, որ նախկինում, եթե ջրամատակարարման հետ կապված խնդիր էր լինում, գոնե առաջին հարկերում ջուր լինում էր, իսկ հիմա առաջին հարկից սկսած՝ ջուր չկա: Բնակիչներին մտահոգում էր հատկապես այն փաստը, որ իրենց հարեւան շենքում երբեք նման խնդիր չի առաջանում. «Այնտեղ ապրում է Երեւանի քաղաքապետարանի մի պաշտոնյա, ուստի իրենք ոչ ջրի, ոչ վերելակի, ոչ էլ այլ խնդիրներ են ունենում: Ձմեռը անգամ շենքի դիմացի սառույցն է մաքրված լինում»: Այս առնչությամբ էլ «Երեւան ջուր» ընկերության լրատվական ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ այս հասցեից իրենք էլ են դժգոհություններ ստացել եւ առաջիկայում խնդիրը կլուծվի: Նրանք հավելեցին նաեւ, որ Չեխովի 56 հասցեում նման խնդիր հաճախ է առաջանում, իրենք փորձում են ամեն ինչ անել ջրի հարցը լուծելու համար: