Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՌԱԲԼՈՒՐԸ՝ ՀԱՐԲԵՑՈՂՆԵՐԻ ԿՌՎԱՏԵՂԻ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Մոնթեի, Սպարապետի ու Անդրանիկի աճյունների հանգստավայրը դարձել է «ռազբորկաների», ուտել-խմելու եւ «ուռելու» տեղ

\"\"
Այս արծաթափայլ եղեւնին Եռաբլուրի աշխատակիցների «հոգատարության» հետեւանքով արդեն փուշ է դարձել:

\"\"
Դեպի Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանատեղի տանող այս ճանապարհին ոչ մի լույս չէր վառվում: Հոսանքալարերն արդեն քանի տարի է՝ բաց են մնացել ու անձրեւների ժամանակ կարող են այցելուներին հոսանքահարել:

Մեր ազգային հերոսներին եւ հայրենիքի պահպանության գործում իրենց ավանդն ունեցող ամենապատկառելի մարդկանց կառավարության որոշմամբ թաղում են Եռաբլուրում: Մի քանի տարի առաջ բավականին մեծ գումարներ ծախսվեց, որպեսզի Եռաբլուրը դառնա արծաթափայլ եղեւնիներով, ծաղիկներով, ցայտաղբյուրներով ու եկեղեցիով մի իսկական սրբավայր: Սակայն վերջին տարիներին այդ այգին այնքան անտարբերության է մատնվել, որ թանկարժեք եղեւնիները չորանալով փուշ են դարձել: Ամենուրեք աղբ է, օղու եւ գարեջրի դատարկ շշեր, ներարկիչներ: Եռաբլուրը կարգի է բերվում միայն այն օրերին, երբ հանրապետության նախագահը կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա գնում է՝ զոհվածների հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցելու: Այդ օրերին Եռաբլուրի աշխատակիցները ցայտաղբյուրները միացնում են, ծառերը ջրում, շաբաթօրյակ անում, որպեսզի ամոթով չմնան եւ ցույց տան, որ պետության փողերը հենց այնպես չեն վատնում: Իսկ ընդհանրապես սովորական օրերին Եռաբլուրի հիմնական այցելուները Հարավ-արեւմտյան թաղամասի տղաներն են, որոնք իրենց տղայական հարցերը լուծում են ազգային հերոսների գերեզմանների հարեւանությամբ:

Գրեթե ամեն օր այնտեղ կռիվներ են լինում, ում ուզում են ծեծել՝ տանում են բլուր, որովհետեւ ամայի, մարդկանց աչքից հեռու տարածք է: Թմրամոլների ու հարբեցողների հավաքատեղի լինելուց բացի, շատ հաճախ մարմնավաճառներն իրենց «կլիենտի» հետ համաձայնության գալուց հետո բարձրանում են Եռաբլուրի տարածք, բնականաբար՝ ոչ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին:

Եռաբլուրի մուտքի մոտ միշտ առիթների ժամանակ կանաչապատման հանդիսավոր արարողություն է լինում:

Բազմաթիվ պաշտոնյաներ այս տարածքում մի քանի տասնյակ եղեւնիների տնկիներ են տնկել, բայց ոչ մեկը, այսպես ասած, «չի կպել»: Մնացել են միայն դատարկ փոսերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել