Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իրենք են աշխատում, ոչ էլ թողնում են ուրիշն աշխատի

Հոկտեմբեր 23,2009 00:00

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս մի հետաքրքիր պատմություն պատմեց, իր իսկ խոսքերով՝ մեր տաղանդաշատ ժողովրդի ներկայացուցիչների մասին. «Հայաստան ժամանած Խարկովի պատվիրակությունը, մասնավորապես՝ Խարկովի հայտնի գործարաններից մեկի տնօրենը, խնդրեց մեզ, որպեսզի օգնենք, որ կարողանա իր ավանդական ապրանքները՝ շոկոլադ, տարբեր տորթեր, իրացնել Հայաստանում: Այժմ չեն կարողանում այստեղ վաճառել, որովհետեւ նրանց մրցակիցը Հայաստանում գրանցել է ապրանքային այդ նշանները: Դրանցով ոչինչ չի արտադրում, ուղղակի իր նպատակն է եղել մրցակիցներին դաշտից դուրս մղել: Նման բողոքներ մենք ստացել ենք նաեւ Ռուսաստանի մեր գործընկերներից, եւ եթե մենք այստեղ խնդիրը չշտկենք, նրանք համանման միջոցներ կիրականացնեն մեր արտադրողների նկատմամբ: Եվ կարծում եմ, որ այս հարցը պետք է դարձնենք քննարկման առարկա, քանի որ խոստացել ենք, որ մեր գործընկերներին կպատասխանենք, թե ինչպես ենք այս հարցը լուծում»: Հենց սրանով էլ պայմանավորված՝ վարչապետը հանձնարարել է փոփոխություն կատարել «Ապրանքային նշանների մասին» օրենքում:

Նիստում գործադիրը որոշել է նաեւ ավելացնել 2009-ի պետբյուջեի եկամուտների եւ ծախսերի գումարները, վերաբաշխում կատարել պետբյուջեում եւ փոփոխություններ՝ նախկին որոշումներից մեկում, որով Ճապոնիայի կառավարության կողմից հատկացվող 250 մլն դրամ դրամաշնորհով նախատեսվում է Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղակայել հակակարկտային 25 կայան՝ պաշտպանելով շուրջ 3 հազար հա գյուղատնտեսական հողատարածք:

Հաստատել է նաեւ կարուսելների անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը: Տ. Սարգսյանը նշել է, որ այժմ Երեւանում եւ մյուս բնակավայրերում շահագործվում են հայրենական եւ արտասահմանյան արտադրության ավելի քան 150 կարուսել եւ զվարճալիքի այլ հարմարանքներ, որոնց աշխատանքը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական ակտեր, տեխնիկական պայմաններ եւ չափորոշիչ փաստաթղթեր չկան: Նոր կանոնակարգի հաստատումը կհստակեցնի ոլորտի օրենսդրական դաշտը, եւ կապահովի զվարճանքի հարմարանքների անվտանգ եւ անխափան աշխատանքն ու կնպաստի բիզնեսի զարգացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել