Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՒՄ՝ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Հանրապետության խոշոր հարկատուները բավականին պասիվացել են: Այս տարի 325 խոշոր ընկերություններ, նախորդ տարվա համեմատությամբ, նվազեցրել են վճարումները՝ գրեթե բոլոր հարկատեսակների գծով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից: Ըստ կոմիտեի կատարած վերլուծության, այս տարվա 8 ամիսներին արձանագրվել է նվազում՝ մի շարք ցուցանիշների (իրացումից հասույթ, ներմուծման եւ արտահանման ծավալներ, վճարված մաքսային հարկեր) առումով:

Մասնավորապես, ապրանքի իրացումից ստացված հասույթի մասով՝ նվազումը կազմել է 7,2%: Միայն 5 խոշոր ընկերությունների՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», «Արմենիա Տելեֆոն Կոմպանիի», «Ղ-Տելեկոմի», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ «ՀայՌուսգազարդի» հասույթը այս տարի, ընդհանուր առմամբ, 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պակասել է 166,4 մլրդ դրամով: Ինչ վերաբերում է ներմուծման ծավալներին, այս ոլորտում արձանագրվել է 18,2% նվազում: Միայն վեց խոշոր ընկերություններ՝ «ՀայՌուսգազարդը», «Ֆլեշը», «Ղ-Տելեկոմը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Արմենիա Տելեֆոն Կոմպանին», «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» եւ «Միկմետալը» 79,9 մլրդ դրամով պակաս ներմուծում են կատարել:

Նույն պատկերն է նաեւ վճարված մաքսային վճարների ցուցանիշի առումով, որը 2009-ի ութ ամիսներին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել է 19,9%-ով: Արտահանման ցուցանիշը նվազել է 8,3%-ով: Խոշոր ընկերություններում աշխատողների միջին ցուցակային թիվը պակասել է 3,7%-ով:

Այս տարվա 8 ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից կատարված 511 ստուգումների արդյունքում բյուջե է մուտքագրվել լրացուցիչ 2,2 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել