Վանաձորի պարարվեստի դպրոցում խնդիրները բազմաթիվ են
Ոչ վաղ անցյալում մեր մշակույթի օջախները պատշաճ ուշադրության էին արժանանում: Ստացվում է, որ խորհրդային ժամանակներում, երբ ազգայինը «խեղդելու» անթաքույց ու թաքնված շատ փորձեր էին արվում, ավելի շատ էր պահպանվում մեր մշակույթն ու դրա օջախները, քան այժմ, երբ թվում է՝ ոչինչ չի խոչընդոտում, որպեսզի մեր անկախ պետությունն զբաղվի դրանց պաշպանությամբ ու պահպանմամբ: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստեղծվում, երբ տեսնում ես Վանաձորի մի քանի մշակույթի օջախների անմխիթար վիճակը: Պարարվեստի դպրոցը դրանց թվում է: Այն հիմնադրվել է 1992թ.՝ թատերական եւ պարի բաժիններով, որպեսզի մասնագետներով ապահովի քաղաքի «Հորովել» երգի-պարի ազգագրական անսամբլն ու թատրոնը:
«1994-1995թթ. թատերական խումբը փակվեց վարձավճարները հավաքել չկարողանալու պատճառով,- ցավով է հիշում պարարվեստի դպրոցի երկարամյա տնօրեն Լյովա Դերձյանը:- Այն ժամանակ Վանաձորի պետթատրոնին կից անվճար գործում էր Թատերական գործիչների միության ստուդիա՝ իր համապատասխան բաժիններով, որը նույնպես կոչված էր թատրոնը դերասաններով ապահովելու»:
Այժմ դպրոցը միայն պարարվեստի բաժնով (շուրջ 70 հոգի) վարձակալական հիմունքներով գործում է Վանաձորի քաղաքապետարանին պատկանող թիվ 1 երաժշտական դպրոցի մասնաշենքում: Տարածքի պայմանները բարվոք համարել չի կարելի նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Լյովա Դերձյանը պարել է Կիրովական-Վանաձորի պարի բոլոր ինքնագործ խմբերում: Նրան չեն մեծամտացրել ոչ քաղաքային, մարզային ու հանրապետական, ոչ էլ ԽՍՀՄ մասշտաբով անցկացված փառատոների մրցանակներն ու դափնիները: Տաղանդավոր մարդուն հատուկ համեստությամբ՝ նա չի բողոքում նաեւ այսօր դպրոցում առկա խնդիրներից, այլ անում է հնարավորը, որ պարարվեստի նկատմամբ ունեցած սերն ու հետաքրքրությունը չմարի նաեւ այժմ: Եվ չնայած տնօրենը ջանում է որքան հնարավոր է վառ գույներով ներկայացնել առկա վիճակը, չտրտնջալ ու չբողոքել հաճախ նաեւ անհաղթահարելի թվացող դժվարություններից՝ մի բան պարզ է. պակասել է պարարվեստի հանդեպ հետաքրքրությունը: 70 աշակերտների մեջ տղաների թիվը եզակի է: «Սա այն ասեղն է, որ պարկում թաքցնել հնարավոր չէ,- ասում է վաստակաշատ պարուսույցն ու փորձում նշել դրա օբյեկտիվ պատճառները,- աշխատավարձը քիչ է, եւ հատկապես տղամարդիկ այդ ցածր աշխատավարձով ընտանիք պահել չեն կարող: Դրա համար էլ պարարվեստով զբաղվել չեն ուզում»: Տնօրենը, այնուամենայնիվ, շարունակում է լիահույս մնալ, որ մոտ ապագայում հիմնովին կնորոգվի պարարվեստի դպրոցի տարածքը, եւ ծնողները ուրախությամբ կուղարկեն իրենց երեխաներին այստեղ: