Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ ԿՈՒՅՐԵՐԻՆ ԷԼ Է ՀԱՍԱՆԵԼԻ

Հոկտեմբեր 23,2009 00:00

«Արեւ» համակարգի միջոցով կույր հաշմանդամները տեքստ են հավաքում, երաժշտություն գրում եւ լսում իրենց հետաքրքրող ինֆորմացիան:

«Արեւ» համակարգը սովորել եմ 1 տարի առաջ: Հիմա հրաշալի տիրապետում եմ ստեղնաշարին եւ կարողանում ինձ պետք եկած գործողություններն անել համակարգչով: Ստեղնաշարն ինձ առաջին հերթին սովորեցրել է «Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը, հետո նոր միայն ծրագրով եմ առաջնորդվել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն կազմակերպության «Փարոս» երգչախմբի երգչուհի Լուիզա Սուքիասյանը: Նա հաշմանդամ է, կորցրել է տեսողությունը: «Արեւ» համակարգչային ծրագիրը նախատեսված է հենց այսպիսի հաշմանդամների համար: Այն ծրագիր է, որի միջոցով կույրերն առանց համակարգչային խորը գիտելիքների՝ կարող են օգտվել համակարգչից: Համակարգ մտնելով՝ ծրագիրն ինքը ձայնային ազդանշանների միջոցով առաջնորդում է, ասում է՝ ինչ է պետք անել, անելիս էլ՝ հայտնում, թե ինչ գործողություններ են կատարվել ու կատարվում, այսինքն՝ տեքստային ազդանշանը վերածվում է ձայնայինի: Այն կազմել են Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Մեզ հետ զրույցում Լուիզան նշեց, որ այս ծրագիրը այլ լեզուներով կազմված ծրագրի համեմատությամբ այնքան էլ հզոր չէ. «Սակայն հայերեն միակ ծրագիրն է, որ նախատեսված է կույրերի համար: Այս ծրագրի օգնությամբ կարողանում ենք ինտերնետ մտնել, մեզ հետաքրքրող թեմաների մասին տեղեկություններ կարդալ, ավելի շուտ՝ լսել, գրքեր սկանավորել, ինչպես նաեւ տեքստեր հավաքել»: Լուիզան այս տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից նվեր է ստացել «Նոութբուք» համակարգիչ, որի մեջ արդեն մուտքագրված է եղել այս համակարգը:

Կոնսերվատորիայի կիթառի բաժնում ուսում ստացած 28-ամյա Աստղիկ Վարդանյանը, որը նույնպես տեսողական խնդիրներ ունի, նշեց համակարգի թերությունների մասին. «Ես «Արեւից» օգտվում եմ 2004 թվականից սկսած: Օգտվել եմ նաեւ երաժշտական բաժնից, որտեղ կարող ես ստեղծագործել, այսինքն՝ երաժշտություն գրել, հետո լսել, սակայն նոտաների հնչողությունը չափազանց համակարգչային է: Բացի այդ, գրքերը «սկան» անելուց հետո, համակարգը որոշ սիմվոլներ չի կարողանում կարդալ: Չնայած դրան՝ այն մեզ համար նախատեսված միակ ծրագիրն է»:

Ըստ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սարգիս Կարապետյանի՝ իրենք ծրագիրը մշակելիս հաշվի են առել կույր հաշմանդամների կարծիքը. «Նրանք մեծ ոգեւորությամբ ընդունեցին մեր առաջարկներն այն մասին, որ նման ծրագիր ենք ուզում ստեղծել եւ կիրառել: Մենք սկզբում առաջարկեցինք ստեղծել նաեւ բրայլյան տառատեսակով ստեղնաշար, սակայն նրանք դեմ էին: Խոստացան, որ շատ շուտ կսովորեն եւ սովորեցին: Իմիջիայլոց նշեմ, որ մեզ մոտ այցելում ու սովորում էին թույլ տեսնող ուսանողներ եւս, որոնք այս համակարգի միջոցով լավ տեսնող ուսանողների համար կուրսային աշխատանքներ էին գրում։ Ձեւավորումն էլ էին անում։ Մենք մտածել էինք նաեւ ժամանցային խաղեր ստեղծել, իսկ քանի որ խաղերը հիմնականում կախված են տեսողության հետ, այսինքն՝ տեսնելով պետք է գործողություն անես, մենք մտածեցինք, որ շախմատն ամենից հարմարն է: Այս համակարգը տեղադրված է Գյումրիի, Արթիկի, Վանաձորի դպրոցներում, գրադարաններում եւ այլ մշակութային հաստատություններում։

Երեւանում գրեթե ամեն տեղ էլ կա։ Ազգային գրադարանում էլ է 2 համակարգչի վրա մուտքագրված»։ Նկատենք, որ Ազգային գրադարանի ծրագիրն իրականացվել է «ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի» աջակցությամբ: Ընկերությունը հատկացրել է շուրջ 1 միլիարդ դրամ: Գրադարանի համակարգիչներից օգտվում է 5000-ից ավելի կույր եւ թույլ տեսողությամբ մարդ:

Պարոն Կարապետյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի թիվ 14 դպրոցը, որտեղ սովորում են հիմնականում կույր եւ թույլ տեսնող երեխաներ, ինֆորմատիկայի դասերը սկսում են ուսումնասիրել «Արեւ» համակարգի միջոցով. «Ընդհանուր առմամբ, Հայաստանում 721 հոգի արդեն սովորել է այս համակարգը»:

Ամեն տարի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը մրցույթ է հայտարարում հաշմանդամների միջեւ: Ինստիտուտի «ուսանողները», արդեն 2-րդ տարին է, «Արեւ» համակարգի միջոցով շախմատ են խաղում: Մրցանակը գումարային է։ «Առաջարկ կար թույլ տեսնողների մասնակցության մասին, սակայն ես մերժեցի, քանի որ թույլ տեսնողն այնուամենայնիվ տեսնում է ստեղնաշարը»,- ասաց Ս. Կարապետյանը: Նա նշեց նաեւ, որ ավելի հետաքրքիր է դպրոցական երեխաների միջեւ անցկացվող մրցույթը. «Մենք ստուգում ենք նրանց գրագիտությունը։ Ուժեղներին ընտրում է դպրոցը եւ առաջադրում։ Տալիս ենք 5 տողանոց թելադրություն, դա նրանք պետք է տպեն եւ տան մեզ ստուգելու։ Այնտեղ ավելի շատ են մասնակիցները, բայց քանի որ համակարգիչները քիչ են, աշխատում ենք, որ մասնակիցների թիվը 6-ից չանցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել