Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան սթափ լուծումներ»

Հոկտեմբեր 23,2009 00:00

\"\"Երեկ Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշեց. «Ես համոզված եմ, որ, իրոք, կան լուծումներ, սթափ լուծումներ: Դրանք կարող են գտնվել միայն այն պարագայում, երբ բանակցող կողմերն իրատեսորեն են մոտենում ստեղծված իրավիճակին, երբ նրանց ակնկալիքներն իրատեսական են: Մենք փնտրում ենք երկարաժամկետ լուծումներ, այնպիսի լուծումներ, որոնք, իրոք, խաղաղություն կբերեն, եւ այն կլինի տեւական: Ես չեմ կարծում, որ ճիշտ է գալ այնպիսի եզրակացությունների, այնպիսի լուծումների, որոնք ինչ-որ մի ժամանակահատվածի համար, միգուցե, կարող են լինել ընդունելի, բայց չեն կարող ապահովել, ինչպես արդեն ասացի, տեւական խաղաղություն: Իհարկե, ցանկացած բանակցությունում կողմերից յուրաքանչյուրը ցանկանում է ստանալ առավելագույնը, բայց ես չեմ հասկանում այն, երբ բանակցությունների ընթացքում կողմերից մեկը ձգտում է ստանալ ամեն ինչ, ղեկավարվում է «ամեն ինչ՝ ինձ» կարգախոսով: Նման պարագայում այդ կողմի համար բանակցությունները կարող են լինել ոչ դուրեկան, եւ բանակցությունների արդյունքները կարող են չբավարարել, բայց դա արդեն մեր մեղքը չէ: Հիմա մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ հնարավոր չէ շատ բան թաքցնել, եւ այս իրավիճակը տեսնում են շատ-շատերը՝ ոչ միայն մենք կամ բանակցող կողմերը: Երբ որ բանակցությունների մեր գործընկերները գան այն եզրակացության, որ պետք է լինի տրամաբանական լուծում, ապա այդ լուծումները հեշտությամբ կարող են գտնվել: Երբ որ նրանք իրատեսորեն մոտենան խնդրին եւ, դեկլարացիաներ անելուց բացի, իսկապես ցանկանան այն լուծել, այդ ժամանակ խնդիրը կլուծվի: Բանակցություններից հետո դժգոհություններ հայտնելը կամ հոխորտալը վերջնական լուծումը որեւէ կերպ չի մոտեցնում: Այն, ընդհակառակը, խանգարում է բանակցային գործընթացին, ավելացնում է անվստահությունը:

Ուզում եմ կրկնել, որ բանակցությունների կոնտեքստից՝ լինեն դրանք նախկինում, թե հիմա, կտրել ինչ-որ հատված եւ փորձել այդ հատվածի մասին խոսել՝ ճիշտ չէ, մանավանդ որ մինչեւ խոսելն իրենք են վերապահումներ անում: Եթե իրենք ասում են, թե ամեն ինչ բանակցված չէ, թե բոլոր կետերի շուրջ համաձայնություն ձեռք բերված չէ, սրանով արդեն ամեն ինչ ասվում է: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ եւ մենք, եւ ադրբեջանցիները մեր ջանքերը կենտրոնացնենք բանակցությունների ներկա փուլի վրա, ոչ թե փորձենք ինչ-որ հատված կտրել նախկին բանակցություններից եւ ներկայացնել սեփական լսարանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել