Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆՏՅՈՒՐԱ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Մի քանի օր անց ակնհայտ կդառնա՝ արդյոք իրո՞ք այդպիսին է հեռարձակման թվայնացման այն գործընթացը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը:

Մրցույթ կլինի՞, թե՞ ոչ

«Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով լսումները, որոնք երեկ կազմակերպել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ անցան այն պայմաններում, երբ տակավին հրապարակված չէ հեռարձակման թվայնացման հայեցակարգը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն իր ելույթում տեղեկացրեց, որ այդ հայեցակարգն արդեն մշակված է, ընդամենը տեխնիկական շտկումներ են արվում: «Առավոտը» հիշեցրեց, որ նախարարի հավաստմամբ՝ այդ հայեցակարգը պետք է պատրաստ լիներ շա՜տ վաղուց՝ ամենաուշը մայիսին: Եվ հաշվի առնելով այն, որ գործընթացն այսքան ձգձգվեց՝ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այդ պատճառով կառավարությունը եւս մեկ անգամ նախաձեռնի կապուղիների մրցույթների անցկացման օրենսդրական արգելք, թե՞ մրցույթը կանցկացվի ինչպես եւ նախատեսվում է օրենքով՝ 2010-ի հուլիսի 20-ից հետո: Ներսես Երիցյանի պատասխանն էր. «Հայեցակարգի ավելի ուշ հրապարակման պայմանն այս պահին բնավ չի ազդում ամբողջ գործընթացի՝ այդ ժամկետում ավարտման վրա, որովհետեւ աշխատանքներ են արվել»: Մասնավորապես՝ ըստ նրա, այս ընթացքում ծրագրեր են հրապարակել. «Եվ որոշակի ֆինանսական միջոցներ են մոբիլիզացվել: Ձեր հարցի վերջնական պատասխանն է՝ այդ ժամկետը պահպանվելո՛ւ է: Մեր նպատակը դա է, եւ այս հայեցակարգի մեջ էլ է արձանագրված այդ ժամկետը՝ որպես վերջնաժամկետ այս գործողությունների համար»:

Մինչդեռ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ 2010-ի հուլիսի 20-ից հետո էլ չհայտարարվի մրցույթ՝ ըստ էության չբացառեց այդ հավանականությունը. «Մենք իրոք խիստ սեղմ ժամկետներ ունենք՝ կատարելու անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, մշակելու կառավարության գործողությունների ծրագիրը: Այս պահին դեռեւս հնարավոր համարում եմ, որ ժամկետները թույլ կտան ինտենսիվ աշխատանքի դեպքում տեղավորվել հայտարարված ժամկետների մեջ: Բայց հաստատ ասել, որ կհասցնենք, թե չէ… Դա կապված է օրենսդրական նախաձեռնության իրավունք ունեցող մարմինների ակտիվությունից, նաեւ նրանց եվրոպական գործընկերներից, քանի որ կարող է Վենետիկի հանձնաժողովում էլ լինեն քննարկումներ»: Նշենք նաեւ, որ ԱԺ այս հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը վստահեցրեց, թե իրենց հանձնաժողովն ի զորու է ժամկետի առումով հասցնելու:

Հաստատվեց՝ կա՛ն ազատ կապուղիներ

Նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ կառավարությունը խնդրել է, որ «ամբողջ հաճախությունների տիրույթը միջազգային փորձագետների կողմից աուդիտի ենթարկվի»: Մինչդեռ ԵԽ փորձագետ Ալեք Թոմասն արդեն իսկ իր ելույթում երկու անգամ ընդգծեց, որ Երեւանում կան դեռեւս չհատկացված, չօգտագործվող կապուղիներ: Նկատեցինք, որ իր այս հայտարարությունը լիովին հակասում է այն պնդումներին, որոնք այս կապակցությամբ մինչ այժմ արել են կառավարության եւ հեռուստաոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչները, եւ հետաքրքրվեցինք, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է անում իր պնդումը, թե կան ազատ կապուղիներ: «Ըստ էության, հետազոտությունս կատարել եմ նստած լինելով Լոնդոնի իմ գրասենյակում՝ ծանոթ չլինելով որեւէ առանձնահատուկ դժվարության, որ միգուցե կա Հայաստանում հաճախականությունների օգտագործման բնագավառում,- պատասխանեց ԵԽ փորձագետը:- Հնարավոր է, թե այն ալիքները, որոնք առաջին հայացքից թվում են չօգտագործված՝ այլ նպատակի համար օգտագործելի չեն: Ուստի ես երկրորդում եմ նախարարի հայտնած միտքը, որ անպայման պետք է իրականացվի տիրույթի լիարժեք աուդիտ»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այս կապակցությամբ նշեց. «Կուզենայի լսել մեր պաշտոնական ատյանների մեկնաբանությունը, թե ինչու այն ժամանակ, երբ Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային այլ կառույցներ պահանջում էին ուսումնասիրել հնարավորությունը՝ անցկացնելու մրցույթ, որին կկարողանար մասնակցել «Ա1+»-ը՝ այդ աուդիտը չի անցկացվել»: Ներկա պաշտոնյաները չպատասխանեցին այս հարցին: Բացի այդ՝ ԵՄԱ նախագահն ընթերցել էր այս փորձագետի ապրիլին կազմված զեկույցը՝ Հայաստանում գերբարձր հաճախականության տիրույթի կիրառման վերաբերյալ, որը տեղադրված է էկոնոմիկայի նախարարության կայքում, եւ հայտնեց. «Չեմ հիշում, որ այնտեղ հիշատակում լիներ այդ չօգտագործվող ալիքների մասին»: Ըստ այդմ՝ կրճատվե՞լ է փորձագետի զեկույցի ոչ շահեկան այդ հատվածը:

ԵԱՀԿ փորձագետի կարծիքը

Լսումների մասնակիցներին բաժանվեց ԵԱՀԿ փորձագետի՝ պրոֆեսոր Քեթրին Նայման-Մեթկալֆի առաջարկները Հայաստանում թվային հեռարձակման վերաբերյալ, որտեղ ասված է. «Կարեւոր է նշել, որ թվայնացումը չպետք է օգտագործել որպես հեռարձակման դաշտում առկա այլ խնդիրներին լուծում տալու միջոց, քանի որ դրանք կարող են էլ ավելի ընդգծված բնույթ ստանալ թվայնացման պայմաններում։ Այդ խնդիրների թվում են հեռարձակող լրատվամիջոցներում բազմակարծության պակասի հետ կապված խնդիրները»: ԵԱՀԿ փորձագետը եւս մեկ անգամ է ընդգծել. «Հեռարձակող լրատվամիջոցներում իսկական բազմակարծության պակաս կա, ինչպես նշվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից։ Այս ֆոնի վրա շատ կարեւոր է, որպեսզի թվային հեռարձակման ներդրումն էլ ավելի չբարդացնի իրավիճակը։ Հեռարձակման ոլորտում առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն թվայնացմանը զուգահեռ»: Նայման-Մեթկալֆի առաջարկներից մեկն էլ հետեւյալն է. «Թվայնացման գործընթացում, ավելի քան երբեւէ, լիցենզավորման հստակ չափանիշներն էական են։ Քանի որ բոլորի համար կլինի լիցենզիաների վերաբաշխում, կարեւոր է, որպեսզի հստակ ու թափանցիկ լինի, թե ինչ չափանիշների հիման վրա է հնարավոր լիցենզիա ձեռք բերել։ Սա պետք է Հայաստանի համար առաջնահերթություն լինի՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ընդունած որոշումը (2008), որն արձանագրում է, որ Հայաստանում այս հարցի հետ կապված բացթողումներ կան»:

Բազմակարծության պատվարը

Լսումների հիմնական զեկուցողներից մեկն էլ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն էր, որը ելույթ ունեցավ «Բազմակարծության եւ վերահսկելիության ապահովումը թվային հեռուստառադիոհեռարձակման պայմաններում» թեմայով: Եվ ավետեց, որ թվայնացման գործընթացից հետո եւս հեռուստաընկերություններում վերահսկողություն կիրականացվի՝ օգտագործելով տեղական ու միջազգային փորձը:

«Առավոտը» նկատեց, որ անուրանալի է Գրիգոր Ամալյանի եւ նրա ղեկավարած հանձնաժողովի դերն ու նշանակությունը հայկական եթերի «բազմակարծությունը» եւ վերահսկելիությունը ապահովելու հարցում, որի շնորհիվ էլ Հայաստանը խոսքի ազատության առումով մշտապես բացասաբար է հիշատակվում միջազգային զեկույցներում: Եվ հետաքրքրվեցինք, թե այս ամենից հետո գոնե մոտեցումները փոխվե՞լ են ու ձեռնարկվե՞լ են քայլեր՝ իրականացնելու համար ԵԱՀԿ փորձագետի վերոհիշյալ առաջարկները: ՀՌԱՀ նախագահն ի պատասխան պնդեց, որ իրենց մոտեցումները նույնն են. «Հանձնաժողովը մշտապես մրցույթներն անցկացնում է գործող օրենսդրության պահանջների շրջանակում: Եվ եթե լինեն օրենսդրական փոփոխություններ՝ մենք կհամապատասխանեցնենք ենթաօրենսդրությունը եւ մեր հետագա գործողությունները կանենք օրենքի պահանջներին համապատասխան»: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն իր ելույթում սա գնահատեց իբրեւ «անկեղծ ինքնահիացում» եւ ասաց. «Եթե պրն Ամալյանն իրապես չի ուզում փոխել իր դիրքորոշումը՝ հայեցակարգը, ռազմավարությունը եւ այլն՝ սին խոսքեր են: Եկեք խոստովանենք, որ այնպիսի երկրում, ինչպիսին է Հայաստանը՝ ամեն մի երեւույթ անուն-ազգանուն ունի»:

Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ելույթում կանխատեսեց, որ այս գործընթացի հետեւանքով էլ եթերը կշարունակի զրկված մնալ այլընտրանքից. «Բազմակարծությունը պետք է վերաբերի միայն կիսագրագետ, կիսահետաքրքիր զվարճալի հաղորդումներին ու սերիալներին: Բազմազանությունը միայն այդ է լինելու՝ արդյոք մելոդրամնե՞ր են լինելու, թե՞ քրեական սերիալներ»:

Բորիս Նավասարդյանն իր ելույթում հայտարարեց, թե այս քննարկման ընթացքում համոզվեցինք, որ 2006-ից ի վեր այս կարեւոր հարցի շուրջ տեղի է ունենում անիմաստ մի գործընթաց ու մինչ այսօր չկան պատասխանները թվայնացման գործընթացին առնչվող իրավական, սոցիալական, հակամենաշնորհային, քաղաքական եւ այլ հարցերի վերաբերյալ, որոնք ծագել են հեռարձակման ոլորտում վերջին տարիների ընթացքում. «Ուզում եմ սխալված լինել, եւ մենք մի քանի օրից, գոնե մի շաբաթից կստանանք մի հայեցակարգ, որը մեր բոլոր հարցերին պատասխան կտա: Խիստ կասկածում եմ: Ու եթե, համենայնդեպս, դա չլինի, ես ստիպված կլինեմ բնութագրել, որ այս ամբողջ գործընթացը լուծել է զուտ ներքաղաքական մի հարց՝ 2008 թվականին չանցկացնել մրցույթներ: Որեւէ այլ որոշակի խնդիր լուծված չէ այս պահին: Ես ուզում եմ սխալված լինել, բայց եթե հայեցակարգը չպատասխանի բոլոր հարցերին՝ կստացվի, որ մենք բոլորս ներգրավված էինք մի գործընթացի մեջ, որը կբնութագրեի միայն որպես ավանտյուրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել