Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎԸ «ԱՍՆԱՎԱՆԻ» ՉԷ

Հոկտեմբեր 23,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, «փորձ» արվեց սկսել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մինչ կհրապարակվի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, կողմերն իրավունք ունեն միջնորդություններ անել, հայտարարություններ հնչեցնել, ինչից ակտիվորեն օգտվում է Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը: Նկատվում է միայն, որ նախագահող դատավորը մի միջնորդության հետ կապված առնվազն 2 ժամ է անցկացնում խորհրդակցական սենյակում:

Նախորդ օրը պաշտպանական կողմը հանդես էր եկել միջնորդությամբ՝ բացարկ հայտնելով մեղադրող Կորյուն Փիլոյանին: Բացարկը մերժվեց:

Երեկ պաշտպանական կողմը հանդես եկավ նոր միջնորդությամբ՝ Փաշինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու: Ըստ պաշտպանական կողմի, կալանքն ընտրվել է ԵԽԽՎ բանաձեւի եւ ՀՀ օրենքների խախտմամբ: Այս գործով երկրորդ մեղադրողը՝ Հարություն Հարությունյանն ասաց, որ ԵԽԽՎ բանաձեւերը մեր պետական մարմինների համար պարտադիր չեն կիրառման: Կալանք ընտրելով 2008թ. փետրվարի 26-ին՝ նախաքննական մարմինը հայտարարել էր, թե չի իմանում Փաշինյանի տեղը, սա այն դեպքում, երբ նա հարթակի վրա էր եւ հանրահավաքներ էր անում: Երեկ Ն. Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, մասնավորապես հարցնելով, թե ինչու հաշվի չի առնվել այն փաստը, որ մարտի 1-ին ԱԱԾ-ն հրաման էր տվել ոչ թե գտնել-հայտնաբերել-կալանավորել իրեն, այլ ֆիզիկապես ոչնչացնել: Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ նախագահող Մ. Մարտիրոսյանը մերժեց Ն. Փաշինյանի կալանքը փոխելու միջնորդությունը: Երեկ հրապարակվեց 13 հատոր կազմող այս քրեական գործի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել