Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՔԱՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Հոկտեմբեր 23,2009 00:00

– Աշխարհում հաստատվել, թե աշխարհն ունենալ քո մեջ,-մտածում էի տրտմության մի օր եւ նայելով ծառը լքող աշնանամուտի առաջին տերեւներին՝ հասկացա, թե ինչու չեմ ուզում այլեւս որեւէ երկիր գնալ տեսնելու: Քանի որ աշխարհի բոլոր երկրները եւ ժողովուրդներին իմ կարճ կյանքի ընթացքում չեմ հասցնի ճանաչել, հասկացա նաեւ, որ ես իմ ներսում պիտի ճանաչեմ ճակատագրական Սվինքսը, որի տարբեր արտահայտությունները թափառում են այլազան ցեղերի ու ազգերի մեջ: Աֆրիկայի Կաֆր ցեղի երեւելի թագավորներից մեկը, իր երկրում մեծարանքով ընդունելով անգլիացի բժիշկ-ճանապարհորդ Լիվինգստոնին եւ նրա տիկնոջը՝ հարցրեց՝ ձեր՝ սպիտակների երկրում մի՞թե այդքան շատ ջրաղաց քարեր կան, որ ձեր ցեղի մարդիկ շարունակ հրաքար են փնտրում… Սակայն այդ անուշ, անտեղյակ թագավորը չգիտեր, որ այդ հրաքարը միայն ջրաղացի քարեր հարդարելու համար չէր, այլ Եվրոպայում կանանց վզերն ու ձեռքերը զարդարող թանկարժեք շքեղություն, որ կոչվում էր ադամանդ: Կաֆր թագավորը չգիտեր նաեւ, որ դա ադամանդ է, իսկ սպիտակները չգիտեին մի այլ բան, որ հողի տակից հանված վայրի ադամանդը կարող է պայթել լույսի հետ շփվելուց, չնայած որ կաֆրերը եւ սպիտակները նույն լույսի տակ էին ապրում եւ նույն գիշերվա մեջ… Հիմա չգիտեմ, թե Աֆրիկայում մնացե՞լ են ցեղեր, որոնք իրենց ջրաղաց քարերը ադամանդով են մշակում, թե՞ դարձել են ընդամենը ադամանդ վաճառողներ, որ հեռուստացույց ու սառնարան գնեն՝ մոռանալով հրաքարի նախնական նշանակությունը: Թեեւ ե՛ւ’ հեռուստացույցը, ե՛ւ’ սառնարանը մարդուն երջանկություն չբերեցին՝ ո՛չ Աֆրիկայում, ո՛չ էլ աշխարհում: Եվ մարդն համառորեն մնաց փնտրող ու չգտնող: Ու որովհետեւ պետություններն ու ժողովուրդներն այնքանով են ամուր եւ հաստատուն, քանի դեռ եղանակը լավ է, եւ միասին շարունակում ենք ճոճվել գարնան եւ աշնան հմայքների արանքում՝ ինձ համար մնում է մեկ բան՝ ընդունել ու հասկանալ, որ մեր կյանքը պարզապես շարունակ պայթող ու չճանաչված ադամանդի ցող է՝ գալիք օրերի եւ եկողների համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել