Արձանագրեց նաեւ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը
Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին քաղաքականության մարտահրավերներին՝ ներքաղաքական ճգնաժամ, քաղբանտարկյալների առկայություն, ժողովրդավարության նահանջ, ԼՂՀ հիմնախնդիր եւ վերջապես՝ հայ-թուրքական հարաբերություններ:
Մասնավորապես ներքաղաքական խնդիրներին անդրադառնալով՝ Կոնգրեսի ներկայացուցիչը հայտարարել է, թե մեր երկրում որեւէ ոլորտում բարեփոխումներ չկան, որ այսօր ՀՀ իշխանությունների համար Նիկոլ Փաշինյանին անազատության մեջ պահելն ավելի կարեւոր խնդիր է, քան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, որ քաղաքական ճգնաժամը դեռ հաղթահարված չէ, ու իշխանությունն էլ շարունակում է բանտերում պահել 17 քաղբանտարկյալի, ու միայն այս տարվա ընթացքում Հայաստանն այնքան վարկ է վերցրել, որքան չէր ստացել նախորդ 17 տարիների ընթացքում: Վլ. Կարապետյանը քննադատության մի չափաբաժին էլ ուղղել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին՝ ասելով, որ հիմա որեւէ մեկը չի էլ հիշում, թե ինչ է անում ՄԻ պաշտպանը, ու հիշեցրել էր, որ հակառակ խոստմանը՝ Արմեն Հարությունյանը չի ներկայացրել «Մարտի 1-2»-ի դեպքերի շրջանակներում տեղի ունեցած քաղբանտարկյալների դատավարությունների ընթացքին վերաբերող իր հատուկ զեկույցը։
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի՝ օրերս արած հայտարարությանն էլ, թե՝ ՀԱԿ-ի պասիվությունն այս փուլում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ Կոնգրեսի եւ իշխանությունների տեսակետների լիակատար համընկնումով, հակադարձել է, թե դա ասվել է արտախորհրդարանական ուժին ցավ պատճառելու համար: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ համագործակցությանը, ապա Կոնգրեսի ներկայացուցիչը եւս մեկ անգամ պնդել է, որ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի մոտեցումներն ու դիրքորոշումները տարբեր են, ու քանի դեռ ՀՅԴ-ն Հայաստանի համար վտանգներ պարունակող հայ-թուրքական արձանագրությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում, իրենց միջեւ համագործակցություն չի կարող լինել:
Բուն արձանագրություններին անդրադառնալով՝ նա հայտարարել է, թե դրանք «շատ վատ բանակցված փաստաթղթեր են եւ բազմաթիվ մարտահրավերներ են պարունակում»: Վլ. Կարապետյանը նաեւ կարծիք է հայտնել, թե թուրքական խորհրդարանը դրանք չի վավերացնի, կձգձգի այդ գործընթացը, իսկ հայ-թուրքական սահմանի վերաբացման մասին արձանագրությունն ընդհանրապես չի վավերացնի՝ նախընտրելով առաջնորդվել Ադրբեջանի շահերով: Նրա համոզմամբ, Թուրքիայի նպատակը էն գլխից եղել է ոչ թե սահմանի բացումը, այլ ԼՂ հիմնախնդրի բանակցություններում ներգրավվելը, ինչին այսօր արդեն հասել է՝ Հայաստանի թեթեւ ձեռքով: Վլ. Կարապետյանն արձանագրել է, որ նախկինում երբեք Անկարան այսչափ ակնհայտ ներգրավվածություն չի ունեցել ԼՂ հակամարտության ողջ պատմության ընթացքում, մինչդեռ հիմա Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին գրեթե հավասար միջնորդի դեր է ստանձնել ու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը քննարկում է անգամ գերտերությունների նախագահների հետ. «Այսօր Թուրքիան հավասար միջնորդ է ԼՂ հարցում, որքան ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական միջնորդները»: