Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՊԱՏԱԿԸ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԼՈՒԾԵԼՆ Է»

Հոկտեմբեր 23,2009 00:00

Վստահեցնում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը

– Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, թե արձանագրություններն առանց նախապայմանների են, թե Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցը այս արձանագրությունների պատճառով չի տուժելու, Թուրքիայում հակառակն են ասում: Ահմեդ Դավութօղլուն, խորհրդարանում ներկայացնելով արձանագրությունները, խոսեց եւ Ղարաբաղի, եւ Ցեղասպանության մասին՝ դրանք կապելով ստորագրված արձանագրությունների հետ: Նախարարի ելույթից պարզ դարձավ, որ մեզ հուզող բոլոր հարցերը շատ էլ լավ քննարկվելու են: Հիմա՞ ինչ եք ասելու:

– Ասելու ենք, որ պարոն Դավութօղլու հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Եվ սա նոր բան չէ թուրքական, ադրբեջանական հակաքարոզչության մեջ: Այս ընթացքում մենք տեսանք, որ նրանք տարբեր մակարդակներում փորձում են ապատեղեկատվություն տարածել: Վառ ապացույցը եղավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, որ իբր ինքը նախագահ Սարգսյանի հետ տարածքային խնդիրներ է քննարկել: Սա անմիջապես հերքեց մեր նախագահը եւ հայտարարեց, որ նման խնդիր ընդհանրապես չի քննարկվել: Քննարկվել է Ղարաբաղի միջանկյալ եւ վերջնական կարգավիճակի հարցը, ինչը բխում է մեր պետական շահերից, մեր ռազմավարությունից: Մենք գտնում ենք, որ ԼՂ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր, իսկ այսօր Լեռնային Ղարաբաղն ինքնորոշված, ազատ, անկախ եւ ժողովրդավարական հանրապետություն է: Անկեղծ ասած, ես շատ էլ անսպասելի չեմ համարում Դավութօղլու հայտարարությունները: Ցյուրիխում նրան չհաջողվեց իրականացնել իր ծրագիրը եւ ՀՀ ԱԳ նախարարի ճիշտ աշխատանքի արդյունքում կանխվեց: 3 ժամ բանակցելուց հետո հայկական կողմը հասավ նրան, որ թուրքերը չկարողացան Ցյուրիխում հնչեցնել իրենց հայտարարությունները: Ղարաբաղյան հակամարտության առաջին օրվանից Թուրքիան ունեցել է կանխակալ մոտեցում, աջակցել է Ադրբեջանին: Եվ Դավութօղլու հայտարարության մեջ այս մոտեցումները նորություն չեն: Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները բավականին լարված են, «դրոշների պատերազմը» դեռ շարունակվում է, եւ թուրք հասարակության եւ քաղաքական ուժերի մեջ կան բազմաթիվ գործիչներ, որոնք ասում են, որ Թուրքիան ընկել է հայկական ծուղակ: Ինչու են այսպես ասում, որովհետեւ իրենք շարունակ հայտարարում էին, որ սահմանը կբացվի այն ժամանակ, երբ Հայաստանը կգնա միակողմանի զիջումների, եւ ԼՂ հարցն իրենց ուզած ձեւով լուծված կլինի: Թուրքերը եւ աշխարհը տեսան, որ Հայաստանը ոչ միայն Ցեղասպանությունից չհրաժարվեց, այլեւ միակողմանի զիջումների չի գնում: Այս ընթացքում նախագահ Սարգսյանը, ԱԳ նախարարը եւ այլ բարձրաստիճան ղեկավարներ այնքան բարձր ամբիոններից խոսեցին Ցեղասպանության մասին, որ վերջին տարիներին այդքան չէր խոսվել։ Ղարաբաղի հարցը, միանշանակ ենք պնդում, որեւէ կապ չունի արձանագրությունների հետ: Այս մասին ոչ միայն մենք ենք ասում, այլեւ համանախագահները:

– Այդուհանդերձ, Դավութօղլու խոսքում կոնկրետ բաներ կան, այսպես կոչված՝ «բռնազավթված հողերի», Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ այն մասին, որ որեւէ երկիր չի համարձակվի Թուրքիայի առաջ հողային պահանջներ դնել: Մեր երկիրը որեւէ կերպ սրան արձագանքելո՞ւ է:

– Մենք ոչ թե արձագանքում ենք ինչ-որ բանի, այլ ինքներս ենք նախաձեռնում: Այս ընթացքում նախագահ Սարգսյանի արտաքին համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականության արդյունքում Հայաստանն է նախաձեռնում հարցերը, օրակարգ ձեւավորում տարածաշրջանում: Մի մոռացեք, որ մինչ կստորագրվեին արձանագրությունները, նախագահը հանդես եկավ համայն հայությանն ուղղված ուղերձով եւ կոնկրետ ու տեղին խփեց բոլոր մեխերը: Ինչ վերաբերում է Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը, ապա ՀՀ-ն առաջինն է շահագրգռված տարածաշրջանում խաղաղությամբ եւ կայունությամբ: Հենց այդ պատճառով էլ մեր երկիրը նախաձեռնել է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման այս գործընթացը: Հայաստանը շահագրգռված է, որ ղարաբաղյան հարցում լինի առաջընթաց, բայց մեր եւ նրանց պատկերացրած առաջընթացը տարբեր է: Եթե թուրքերին թվում է, թե Հայաստանը կգնա միակողմանի զիջումների, չարաչար սխալվում են: Մեր նպատակը ոչ թե խնդիրն ամեն գնով լուծելն է, այլ՝ լուծել հայանպաստ: Այս մասին միշտ է ասվել, անգամ համանախագահներն են ասում, որ առանց ԼՂ ժողովրդի կամքի, առանց ԼՂՀ ղեկավարության մասնակցության չի կարող կնքվել ԼՂՀ-ին վերաբերող որեւէ փաստաթուղթ: Փաստացի ԼՂՀ-ն անկախ պետություն է: Շատ պարզ են թուրք-ադրբեջանական որոշ հիստերիկ հայտարարությունները: Ինչ վերաբերում է «բռնազավթված» արտահայտությանը, ապա նման տարածքներ չկան: Եթե իրենք մոռացել են, հիշեցնեմ, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, հիշեցնեմ սումգայիթյան ջարդերը եւ ագրեսիան, որը փորձեց իրականացնել Ադրբեջանը ԼՂ ժողովրդի դեմ: ԼՂ ժողովուրդը միջազգային նորմերին համապատասխան իրականացրեց իր ինքնապաշտպանությունը եւ ինքնորոշվեց: Անկախ նրանից, թե թուրքական կողմը ինչ հայտարարություն կանի, մենք պետք է հստակ գիտակցենք, որ ոչ թե պետք է քննարկենք այս կամ այն հայտարարությունը, այլ հիշեցնենք ոմանց, որ կան ստորագրված արձանագրություններ, որոնք, ի հեճուկս նաեւ ադրբեջանական կողմի, չեն պարունակում որեւէ նախապայման: Կա մեր երկրի նախագահի ուղերձը, եւ մենք մեր քաղաքականությունը պետք է բխեցնենք այդ ուղերձից: Այո, ուզեն թե չուզեն թուրքերը կամ ադրբեջանցիները, արձանագրություններում որեւէ նախապայման չկա, եւ դա ընդունել են աշխարհի գերտերությունները: Թեկուզ փաստը, որ արձանագրություններից հետո ԱՄՆ Սենատում առաջիկայում կրկին քննարկվելու է Հայոց ցեղասպանության հարցը, լուրջ ակնարկ կամ զգուշացում է Թուրքիային, որը փորձում է շեղվել արձանագրությունների ոգուց: Կողմը, որը կփորձի շեղվել այդ ոգուց, լուրջ խնդիրներ կունենա:

– Եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, որո՞նք են լինելու մեր երկրի քայլերը:

– Հոկտեմբերի 10-ի իր ուղերձում նախագահը շատ հստակ խոսել է այս մասին: Ուղերձի 4-րդ կետում գրված է, որ թուրքական կողմի ցանկացած ապակառուցողական մոտեցում միջազգային իրավունքի շրջանակում համապատասխան արձագանքի կարժանանա ՀՀ կողմից: Մենք որեւէ միակողմանի պարտավորություն չունենք, սա երկկողմանի պայմանավորվածություն է, փաստաթղթերը ստորագրել են երկու կողմերը, եւ եթե Թուրքիան պատրաստ չէր վավերացնելու՝ ինչո՞ւ ստորագրեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել