Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈԴԵԼՆ Է»

Հոկտեմբեր 23,2009 00:00

\"\"«Երեւանի մասին» նոր օրենքը գնահատում է համահեղինակը՝ ընդունելով, որ կան խնդիրներ, որոնք այդ օրենքով չեն կանխատեսվել:

Սահմանադրագետ Հրայր Թովմասյանը, ով համահեղինակն էր «Երեւանի մասին» նոր օրենքի, նախ փիլիսոփայորեն արձագանքեց «Առավոտի» հարցին՝ վերլուծելով Երեւանի ավագանու գործունեության հնգամսյա փուլը՝ արդյոք արդարացրե՞լ են իրենց այն նոր մոտեցումները, որոնք դրվեցին ավագանու գործունեության հիմքում՝ լայն լիազորություններ, գործունեության մեծ դաշտ, կամ գոնե նկատելի՞ են ենթադրյալ առաջընթացի քայլեր: Այդ համատեքստում նա հիշեց իմաստուն-գուշակի վերաբերյալ մի պատմություն, ով մշտապես տալիս է մարդկանց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մի անգամ մարդիկ որոշում են խաբել իմաստունին. ափի մեջ թիթեռ պահած՝ մի մարդ, մոտենալով, հարցնում է, թե ի՞նչ է թաքցնում՝ կյա՞նք, թե՞ մահ: «Եվ մահն է ձեր ձեռքում, եւ կյանքը»,- պատասխանում է իմաստունը: «Ամեն ինչ մարդու ձեռքում է»,- այս պատմությունից եզրակացնում է մեր զրուցակիցը եւ փաստում, որ օրենքը ավագանուն տվել է ե՛ւ կյանքի, ե՛ւ մահվան հնարավորություն՝ իրենցից է կախված: Իսկ ավելի իրական դաշտում եւ անգամ Երեւանի ավագանու այսօրվա աշխատանքի պայմաններում պարոն Թովմասյանը պնդում է, որ «սա լավագույն մոդելն է»: Միաժամանակ նա ասում է, որ առաջացել են նաեւ խնդիրներ, որոնք օրենքը գրելիս պարզապես հնարավոր էլ չէր կանխատեսել: Մասնավորաբար. «Ավագանիների անդամների մի մասն, ըստ իս, պատրաստ չէ այդ աշխատանքին կամ նույնիսկ չի էլ պատկերացնում այդ աշխատանքը: Չեն պատկերացնում, որ ավագանին մինի-պառլամենտ է, չասեմ, որ պառլամենտում քննարկվող հարցերն այստեղ էլ կան, բայց՝ մայրաքաղաքի մակարդակով, եւ այդ նույն կարեւորությամբ գոյություն ունեն նաեւ այստեղ: Եթե ավագանին նախաձեռնություններով հանդես չի գալիս, ակտիվություն չի ցուցաբերում, ոչ ոք չի կարող այդ ավագանիների ձեռքը բռնել եւ ասել՝ սա արա կամ՝ նա արա»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը լավատես է եւ գտնում է, որ՝ «այն սպասողական վիճակը, որն այսօր կա ավագանիների մոտ, ինչ-որ փուլից հետո կբացվի»: Պարոն Թովմասյանի դիտարկումներով՝ հիմնական նախաձեռնությունների հեղինակը քաղաքապետն է, ով նաեւ ավագանու անդամ է. «Ի պաշտոնե նա փորձում է լրացնել այդ բացը, բայց հաշվի առնելով նրա ծանրաբեռնվածությունը՝ նա պետք է ավագանիների հետ աշխատի, որպեսզի նախաձեռնություններն իրենց վրա վերցնեն: Այնպես որ, որոշակի ժամանակաշրջան կանցնի, եւ հուսով եմ՝ լիարժեք աշխատանք կտեսնենք»: Ի հակադրումն մեր զրուցակցի այս լավատեսության՝ նշենք, որ օրենսգիրների կողմից չնախատեսված մեկ խնդիր էլ կա: Մասնավորաբար, բողոքի ալիք է հասունանում նախկին թաղապետերի շրջանում, ովքեր ներկայումս ավագանիներ են եւ մայրաքաղաքի վարչական տարածքների ղեկավարներ: Բանն այն է, որ նախընտրական շրջանում տրված խոստումների անմիջական պատասխանատուներն այժմ իրենք են դարձել: Այդ շրջանում սկսված լայնածավալ բարեկարգման, բարենորոգման աշխատանքներն ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանում ինչ թափով որ մեկնարկել էին, նույն թափով էլ կանգ առան: Բնակիչները հիմա բռնել են թաղապետ (վարչական տարածքի ղեկավար)-ավագանիների օձիքը, մինչդեռ վերջիններս թաղային բյուջեներ այլեւս չունեն, գոնե չնչին նախաձեռնություններ ցուցաբերելու համար, իսկ քաղաքային բյուջեից գումարներ կամ չեն տրամադրվում, կամ շատ չնչին քանակությամբ են տրամադրվում: Խոսակցություններ են շրջանառվում, որ գործում է, այսպես կոչված, թաղային խտրականության սկզբունքը. հիմնական միջոցները տրամադրվում են Կենտրոնին, հիմնական միջոցառումներն իրականացվում են Կենտրոնում: Այս մասին, սակայն, նրանցից եւ որեւէ մեկը չի համարձակվում բարձրաձայն ասել:

Պարոն Թովմասյանը համամիտ է, որ մայրաքաղաքի ավագանիում ընդդիմության բացակայությունը մեծապես նպաստում է անպտուղ վիճակին. «Օրենքի հիմքում դրված հակակշռումների մեխանիզմները բացառապես պայմանավորված են ընդդիմության գոյության հետ. քննիչ հանձնաժողովի ձեւավորումը, ավագանու որոշումները վարչական դատարանում բողոքարկելը, ղեկավար մարմիններում ներկայացված լինելը: Սրանք պետք է իշխանությունների համար զսպաշապիկ լինեին: Պարզ չի նաեւ, թե քաղաքային իշխանությունում ԲՀԿ-ն իրեն ինչպե՞ս է պահելու՝ ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանություն: Ինչպես ասում են՝ «Սուրբ տեղն ազատ չի մնում»: Դեռ փնտրտուքներ են»: Քանի որ ՀԱԿ-ը միայն հրապարակային է հրաժարվել ավագանու մանդատներից, այդ տեղերը շարունակում են համարվել լրացված: Եթե տվյալ անձինք ավագանու մեկ նստաշրջանի կեսից ավելին չմասնակցեն նիստերին, նրանց կզրկեն մանդատներից եւ այդ տեղերը կհատկացնեն ցուցակի հաջորդական համարներին՝ այնքան, քանի դեռ ցուցակը չի սպառվել: «Ես հասկանում եմ՝ խնդիր կա, բայց չես կարող ամեն ինչ գուշակել, շատ դեպքերում օրենքն անզոր է: Դե յուրե իրենք ընտրված են եւ նիստի չեն գնում, այլ մեխանիզմ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել