Լրահոս
Օրվա լրահոսը

Չապլինի կանայք

Հոկտեմբեր 22,2009 00:00

Կինոյի աշխարհի հանճար Չառլի Չապլինը հիանալի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր եւ կոմպոզիտոր էր: Չապլինը սկսել է լոնդոնյան Իստ-Էնդի ամենացածր խավից: Նա շատ վաղ էր կորցրել հորը, իսկ կորդեբալետի երգչուհի մայրն էլ հիվանդ էր: Մի անգամ նա վատացավ հենց բեմի վրա, եւ մոր փոխարեն բեմ դուրս եկավ երեքամյա Չառլին, որը կատակ երգ երգեց, ինչն էլ շատ դուր եկավ հանդիսատեսին: Մի մարդ բեմի վրա կոպեկ շպրտեց եւ այդ պահին Չառլին դադարեցրեց երգը՝ հայտարարելով, թե կշարունակի, երբ հանդիսատեսից փողերը հավաքի:

Դերասանի կյանքը քաղցր չէր: Որպեսզի սովից չմահանա, Չառլին կատարում էր ցանկացած աշխատանք եւ մի անգամ փողոցային թատերախմբում հայտնվեց: Տղան 16 տարեկան էր, երբ սիրահարվեց 14-ամյա ակրոբատուհուն, որն էլ շուտով հղիացավ եւ տղա ունեցավ: Երեխան իսկույն հանձնվեց մանկատուն, որովհետեւ ակրոբատուհուն ոչ երեխան էր պետք, ոչ Չառլին:

Բազմաթիվ կենսագիրներ են Չապլինի մոտ տարօրինակ վարք արձանագրել: Նա սիրահարվում էր տղամարդկանց հետ շփման փորձ չունեցող երիտասարդ աղջիկներին: Իսկ փորձված կանայք մաեստրոյին միայն ֆիզիկապես էին հետաքրքրում: Չառլին՝ դառնալով հանրահայտ, առանց ավելորդ ջանքերի իր անկողնով է անցկացրել Հոլիվուդի գրեթե բոլոր գեղեցկուհիներին:

Դեռ պատանի ժամանակ, երբ Չապլինն իր հացը փողոցային ներկայացումներով էր վաստակում, մի գնչուհի նրան գուշակել էր մեծ հաջողություն, անսահման հարստություն, երեք ամուսնություն եւ երեք երեխա…

Չապլինի առաջին կինը

1918 թ. Չապլինը նպատակադրվել էր իր կյանքը կապել դերասանուհի Էդնա Պերվիանսի հետ, բայց իր համար անսպասելի ամուսնացավ 16-ամյա Միլդրեդ Հարրիսի հետ: Նա աղջկան հանդիպել էր մի մասնավոր երեկույթի ժամանակ եւ շլացել նրա գեղեցկությամբ: Մի քանի ամիս նրանք գաղտնի հանդիպում էին: Չառլին սիրահարված չէր, բայց Միլդրեդը հայտարարեց, որ հղի է, չնայած այդպիսի բան չկար: Աղջկան պարզապես հովանավորող էր պետք: Դառնալով միսսիս Չապլին՝ նա իսկապես հղիացավ, բայց նրանց որդին մահացավ, ապրելով ընդամենը 3 օր: Ամուսնալուծության ժամանակ Միլդրեդը պահանջեց $25 000, բայց Չապլինը նրան $100 000 տվեց, պայմանով, որ հավերժ անհետանա իր կյանքից: Այդ փողերը Միլդրեդի կյանքը երջանիկ չդարձրին: Նրա կինոկարիերան չստացվեց, լուրջ հիվանդացավ եւ մահացավ 40 տարեկանում՝ լիակատար մոռացության մեջ:

Երկրորդ կինը

Չապլինի նկարած «Փոքրիկը» ֆիլմի մեջ աղջկա եւ հրեշտակի դերը կատարում է Լիզա Գրեյը՝ Չապլինի երկրորդ կինը: Նրանք ծանոթացել էին ռեստորանում՝ ֆիլմի ընդմիջման ժամանակ: Լիզայի մայրը իր 12-ամյա աղջկան Չապլինի մոտ էր բերել որեւէ դեր ստանալու ակնկալիքով: Բայց Չապլինն այնքան էր տարված աշխատանքով, որ ուշադրություն չդարձրեց նրա վրա: Լիզայի մայրը հեշտ հանձնվողներից չէր:

Ամիս ու կես անց նա իր դստեր հետ նորից Չապլինի մոտ էր: Չապլինը նորից չհետաքրքրվեց 12-ամյա հրեշտակով, բայց Լիզան դեր ստացավ, հետո երկրորդը, երրորդը…

Իսկ 4 տարի անց Չապլինը այցելեց Տրակի քաղաք, որպեսզի «Ոսկու տենդը» ֆիլմը նկարահանելու համար ուսումնասիրի տարածքը: Այնտեղ էր նաեւ Լիզան, որն արդեն 16 տարեկան էր: 36-ամյա Չապլինը «հանձնվեց» գեղեցկուհու ճնշման տակ: Լիզան մի քանի ամիս անց հայտարարեց, որ հղի է, բայց Չապլինը չէր պատրաստվում նրա հետ ամուսնանալ: Չապլինը նրանց ընտանիքին առաջարկեց $20 000, բայց նրանք հրաժարվեցին, քանի որ ամբողջ ունեցվածքն էին ուզում: Չառլին ստիպված էր երկրորդ անգամ ամուսնանալ: Լիզան ունեցավ երկու որդի, բայց դա չնպաստեց նրանց համատեղ կյանքի կայացմանը: Բաժանվելիս, չկարողանալով փոխադարձ համաձայնության գալ, Լիզան դատարանին 42 էջանոց հայց ներկայացրեց՝ ստացավ $800 000: Լիզայի փողերն այրվեցին մեծ դեպրեսիայի ժամանակ. նա կյանքից հեռացավ 87 տարեկան հասակում:

Երրորդ կինը

Երրորդ կնոջը՝ Պոլետ Գոդդարին, Չապլինը հանդիպել էր ընկերական երեկույթի ժամանակ: 20-ամյա կինն արդեն հասցրել էր ամուսնանալ եւ բաժանվել: Պոլետը կարողանում էր եւ լսել, եւ լռել, ինչը Չապլինը գնահատում էր: Պոլետը ոչ մի կապ չուներ Հոլիվուդի հետ: Դա Չառլիի համար մեծ «արժանիք» էր: Չապլինը մի առագաստանավ գնեց եւ նրա հետ ուղեւորվեց Կատալինա կղզի, որտեղ առանց ավելորդ աղմուկի ամուսնացան եւ առանց աղմուկի էլ բաժանվեցին: Երկու տարի անց Պոլետը զգաց, որ էլ Չապլինին պետք չէ: Հավաքեց իրերը եւ աննկատ հեռացավ նրա կյանքից…

Չորրորդ կինը

Մինչեւ կհանդիպեր իր չորրորդ կնոջը՝ Ունա Օնիլին, Չառլին «գժվում» էր դերասանուհի Ջոան Բերրի հետ, որն առանձնահատուկ պոռնիկ էր եւ հարբեցող: Այս շիկահերը չնայած Հոլիվուդում իր կարիերայի համար Չառլիին էր պարտական, բայց նրա լկտիությանը նույնիսկ սատանան կնախանձեր: Ջոանը պառկում էր ցանկացածի հետ, ով նրան մի բաժակ վիսկի էր լցնում, բայց ամեն անգամ հերթական աբորտի փողի եւ բարոյական վնասի համար Չառլիին էր այցելում:

Ի վերջո, Չապլինը մի օր էլ չդիմացավ եւ հարբեցող սիրուհուն հանձնեց ոստիկանություն: Ջոանն էլ, ի պատասխան, Չառլիին դատի տվեց՝ պահանջելով նրան ճանաչել որպես իր նորածին որդու հայր, բայց բժշկական փորձաքննությունն ապացուցեց, որ Չապլինը այդ երեխայի հայրը չէ:

Իսկ Ունա Օնիլին՝ իր իսկական սիրուն Չապլինը հանդիպեց 1942 թվին, երբ Ունան ընդամենը 17 տարեկան էր, իսկ ինքը՝ 52: Ունան խելահեղորեն սիրահարվեց Չապլինին: Նրանք ամուսնացան եւ մեկնեցին Շվեյցարիա: Ունան ունեցավ 5 աղջիկ եւ 3 որդի: Սա իսկապես երջանիկ ամուսնություն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել