Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԻՇ ԴԱՎԹՅԱՆ. «ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՄՈԹՈՎ ՉԹՈՂԵՑԻՆՔ»

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"Լիբանանում անցկացված ֆրանկոֆոնային համաշխարհային մարզական խաղերին առաջին անգամ մասնակցած Հայաստանի պատվիրակությունը նվաճել է մեկ արծաթե մեդալ, որը բաժին է հասել ձյուդոիստ, 66 կգ քաշային Համբարձում Տոնոյանին:

Երեկ «Առավոտը» զրուցեց մեր պատվիրակության ղեկավար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Եղիշ Դավթյանի հետ:

– Խաղերի ծրագրում ընդգրկված բոլո՞ր մարզաձեւերին մասնակցեցինք:

– Ոչ: Միայն ձյուդոյին, բռնցքամարտին, աթլետիկային եւ սեղանի թենիսին: Ընտրվել էին այն մարզաձեւերը, որոնցում կարող էինք համեմատաբար լավ մասնակցել:

– Եվ ստացվե՞ց:

– Մասամբ: Ճիշտ է, ընդամենը մեկ մեդալ եղավ, սակայն մեր մարզիկներից մի քանիսը վատ արդյունքներ չցուցադրեցին: Մասնավորապես, Արամ Դավթյանը 400 մետր վազքում մտավ եզրափակիչ եւ այնտեղ 47,95 արդյունքով գրավեց 6-րդ տեղը, եռացատկում Հայկանուշ Բեգլարյանը 12 մ 66 սմ-ով ճանաչվեց 7-րդը: Վատ հանդես չեկան նաեւ սեղանի թենիսիստները: Ճիշտ է, նրանք անմասն մնացին մրցանակներից, սակայն տարան մի շարք հաղթանակներ: Ասեմ, որ մի ամբողջ շարք հավաքականներում հանդես էին գալիս չինացի, վիետնամցի սեղանի թենիսիստներ: Կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասվում է:

– Իսկ բռնցքամարտիկնե՞րը: Չէ՞ որ դա մեր մարզաձեւն է:

– Համաձայն եմ: Բայց այստեղ շատերը պատկերացում չունեն ֆրանկոֆոնային խաղերի բարձր վարկանիշի մասին: Միայն մի օրինակ բերեմ: Մենապայքարային մարզաձեւեր կային, որոնց այլ երկրների հավաքականների կազմերում հանդես էին գալիս Պեկինի օլիմպիական խաղերի մասնակիցներ, անգամ՝ մրցանակակիրներ: Մեր բռնցքամարտի հավաքականը համալրված էր ըստ քաշային կարգերի երկրորդ համարներով (լավագույնները մասնակցում էին աշխարհի առաջնությանը): Նույնը վերաբերում է նաեւ ձյուդոյին: Բեյրութում անցկացվող խաղերին զուգահեռ, Երեւանում ընթանում էր մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը, որում մեր հավաքականը ներկայացված էր հիմնական կորիզով: Ու որքան էլ մեր բռնցքամարտիկները ուժեղ էին, մեդալներ նվաճել չհաջողվեց: Կարծում եմ, որ չորս տարի հետո կայանալիք 7-րդ խաղերին մենք կգործուղենք ավելի ուժեղ հավաքականներ:

– Իսկապե՞ս այդքան մեծ է ֆրանկոֆ ոնային խաղերի հեղինակությունն ու վարկանիշը:

– Այն էլ որքա՜ն: Պատկերացրեք, որ խաղերին մասնակցում էին 44 երկրների ավելի քան 3000 մարզիկներ: Բավական է ասել, որ բացումը կատարեց Լիբանանի նախագահը, իսկ արարողությանը ներկա էին նաեւ Լիբանանի եւ Ֆրանսիայի վարչապետները, ուրիշ երկրներից ժամանած պաշտոնական այլ անձինք, քաղաքական եւ մշակութային ճանաչված գործիչներ: Ուրախալի էր, որ այդ օրը եւ մեր այնտեղ գտնվելու ողջ ընթացքում մեզ հետ էր Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը:

Ասեմ նաեւ, որ բոլոր մարզաբազաները, որտեղ ընթանում էին մրցումները՝ օգտագործվող գույքը համապատասխանում էր համաշխարհային ամենաբարձր պահանջներին: Մի խոսքով, ֆրանկոֆոնային համաշխարհային խաղերը կազմակերպական մակարդակով եւ պայքարի թեժությամբ ոչնչով չէին զիջում օլիմպիական խաղերին:

– Ի՞նչ տպավորություններ ստացաք Լիբանանում սպորտի դրվածքից:

– Ֆանտաստիկ: Այնտեղ ամենուրեք մարզվելու, սպորտով զբաղվելու կատարյալ պայմաններ կան: Պատկերացրեք, որ մարզական ավանում, որ տեղավորված էր տեղի համալսարանի տարածքում, գործում էին մի քանի ֆուտբոլի դաշտեր, 50 մետրանոց հիասքանչ լողավազան, բասկետբոլի, վոլեյբոլի եւ խաղային այլ մարզաձեւերի բազում հրապարակներ, թենիսի մի քանի կորտ եւ այլն: Ու բոլորն էլ՝ գերժամանակակից: Այնպիսի զգացողություն էր, ասես՝ միայն այդ համալսարանն այնքան մարզաբազա ուներ, որքան ամբողջ Հայաստանը:

– Քանի որ մենք արդեն սկսել ենք մասնակցել այդ մրցումներին, հնարավոր համարո՞ւմ եք, որ մի օր էլ Հայաստանը ֆրանկոֆոնային խաղերը կհյուրընկալի:

– Ապագայում հնարավոր է: Բայց դա Հայաստանի ղեկավարության որոշելիքն է: Ծաղկաձորի օլիմպիական բազան երբ վերջնականապես պատրաստ լինի, լիովին կարող է համապատասխանել ներկայացվող պահանջներին: Այնտեղ կան տարբեր մարզաձեւերի համար համապատասխան բազաներ, լողավազան, հյուրանոցային համալիրներ: Իմ կարծիքով, ձեր առաջարկածը հնարավոր է:

– Տեղի հայկական համայնքը մեր պատվիրակությանը լա՞վ ընդունեց:

– Այո: Եղան հանդիպումներ: Մի բան էլ: Մեզ համար անակնկալ էր եւ շատ հաճելի, որ խաղերի բացման արարողության ժամանակ մարզիկների անունից երդման խոսքն ասել վստահվել էր մի հայուհու՝ Դուին Կունճօղլյանին, որը հանդես էր գալիս Լիբանանի սեղանի թենիսի հավաքականի կազմում:

– Եվ վերջին հարցը: Մեր մարզական պատվիրակությունն իր մասնակցությամբ ինչպիսի՞ տպավորություն գործեց:

– Միանշանակ դրական՝ թե մարզական առումով, թե իր պահվածքով: Եվ որ մենք ենք կարեւորում, մրցասպարեզներում տեղի մեր հայրենակից երկրպագուներին ամոթով չթողեցինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել