Ասում է ճանաչված ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր Էդուարդ Նազարովը
«Առանց մուլտիպլիկացիայի՝ մարդկային կյանքն անհետաքրքիր ու տաղտկալի կլիներ»,- համոզված է ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, անիմացիոն ֆիլմերի «Կրոկ» միջազգային փառատոնի նախագահ, «Նիկա» կինոակադեմիայի անդամ Էդուարդ Նազարովը:
Օրերս կայացած Մանկապատանեկան ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նկարիչ-մուլտիպլիկատորը Հայաստանում էր՝ մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի հրավերով: «Հայաստանի եւ հայկական մուլտիպլիկացիայի մասին լսելիս կամ խոսելիս անմիջապես հիշում եմ իմ լավ բարեկամ Ռոբերտին: Նա ինձ հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու այս փառատոնին, բայց, ցավոք, անձամբ չհասցրեց ներկա գտնվել»,- հայտնեց արվեստագետը:
Խոսելով հայկական անիմացիայի մասին, մուլտիպլիկատորը նշեց. «Մեծ հարգանք եմ տածում հայկական ամեն ինչի հանդեպ՝ մուլտիպլիկացիայի, կինոարվեստի… Հիացած եմ հատկապես Ռոբերտ Սահակյանցի տաղանդով, ուրույն մտածելակերպով»:
Է. Նազարովի բնորոշմամբ, վերջին շրջանում ամբողջ աշխարհում մուլտիպլիկացիան մի փոքր իջել է իր հարթակից. «Մուլտիպլիկացիայի դերը նվազել է: Պատճառը հետաքրքրության պակասը չէ, այլ կառավարությունների անտարբերությունը: Նրանք հետաքրքրված չեն այդ արվեստով: Մուլտիպլիկացիայի զարգացման համար անհրաժեշտ են մեծ գումարներ, իսկ կառավարություններն ու հարուստ մարդիկ քիչ փող են տրամադրում, բայց փոխարենը մեծ-մեծ բացականչում են՝ օ՜, մեր երեխաները, նրանց անհրաժեշտ ուշադրություն է հարկավոր, նրանց պետք է ցուցադրել լավագույն ֆիլմերը, նրանց համար պետք է մուլտեր նկարել… Այսինքն՝ միայն խոսում են խոսելու համար ու գումարներ չեն տալիս, կամ էլ՝ եթե տալիս են, ապա այնքան, որ ծիծաղդ է գալիս: Այս խնդիրը ոչ միայն անիմացիային, այլեւ ողջ կինեմատոգրաֆիային է վերաբերում: Բացի այդ, այսօր ե՛ւ մուլտիպլիկացիայում. ե՛ւ կինեմատոգրաֆիայում միօրինակություն է տիրում»:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ դեր ունի մուլտիպլիկացիան աշխարհում, ռեժիսորն ընդգծեց. «Այսօր բոլորը փորձում են դասակարգել կինեմատոգրաֆիա, մուլտիպլիկացիա… Պետք չէ ըստ հորիզոնականների դասել, որովհետեւ իրականում մուլտիպլիկացիան այն արվեստն է, որը ստեղծվել է կինեմատոգրաֆիայից շատ առաջ… Մուլտիպլիկացիան կինեմատոգրաֆիայի մայրն է: Իսկ հիմա այն գտնվում է իր տեղում՝ ոչ ետ է կինեմատոգրաֆիայից, ոչ՝ առաջ: Ափսոս, որ գումարային խնդիրները մուլտիպլիկացիային այդքան հնարավորություն չեն տալիս իր մասին բարձրաձայնել»:
Խոսելով երիտասարդ հայ մուլտիպլիկատորների մասին, Է. Նազարովը նշեց. «Տեղյակ եմ, որ նրանք ունեն հրաշալի մտքեր, բայց չեն կարողանում իրականություն դարձնել հնարավորությունների բացակայության պատճառով: Միայն Հայաստանում չէ այս խնդիրը, Մոսկվայում եւս կա տաղանդավոր երիտասարդություն, որը «դոփում» է տեղում՝ հասկանալի պատճառներով: Ցավոք, ավագ սերնդի մուլտիպլիկատորներն էլ մեծ մասամբ պարապուրդի են մատնված»:
Նկարիչ-մուլտիպլիկատորի փոխանցմամբ, միայն գումարային խնդիրները չէ, որ «խեղճացնում» են մուլտիպլիկացիան. «Այս արվեստում առկա է նաեւ սցենարային խնդիրը: Ամեն անգամ չեն մարդկանց մեջ ծնվում հանճարեղ մտքեր: Ես եկել եմ այն համոզման, որ եթե ուզում ենք ունենալ հանճարեղ գործեր, պետք է շատ լինեն նաեւ վատ գործերը, այսինքն՝ ստեղծենք նաեւ վատերը, որ կարողանանք դրանց միջից առանձնացնել հանճարեղները: Համեմատության մեջ է լավը երեւում»: Էդ. Նազարովը նաեւ նշում է, որ մուլտֆիլմերը մարդուն տալիս են ներքին ազատություն. «Մուլտֆիլմը մարդուն ուղղակի «հրում» է դեպի երեւակայական աշխարհ, ստիպում երազել ֆանտաստիկ բաների մասին, հորինել մի տարածք, որտեղ ինքը երջանիկ է: Մուլտֆիլմերը հարստացնում են մարդու ներաշխարհը, դարձնում հոգեպես հարուստ: Մուլտֆիլմ դիտող մարդու համար շրջապատող ամեն ինչ դառնում է հետաքրքիր, զվարճալի: Մուլտֆիլմերը գերում են նաեւ մեծերին: Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ քրքջացող պապիկի, որը մուլտֆիլմի ազդեցությամբ ու միջոցով այդ պահին վերադարձել է մանկություն: Նշանակում է՝ դու քո մի աշխատանքով ծեր մարդուն մի քանի վայրկյանով «ստիպել» ես, որ կրկին մանուկ զգա»: