Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱՀՄՈՆԸ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԻՐ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 22,2009 00:00

\"\"Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը չորեքշաբթի օրը պետական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Մինչեւ այցը նա դժգոհություն է հայտնել Միջին Ասիայի աղքատ այդ երկրում ռուսական ընկերությունների մասնակցությամբ էներգետիկ նախագծերի իրականացման առնչությամբ:

Այցի նախօրեին Տաջիկստանի առաջնորդն ընդունել էր ՌԴ էներգետիկայի նախարար ու միաժամանակ երկու պետությունների միջեւ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Շմատկոյին: «Անբավարար է գնահատվել երկկողմ համաձայնագրերի, ինչպես նաեւ անցյալ տարվա օգոստոսին երկու պետությունների միջեւ միջին հզորության՝ 700 մգվտ երեք հիդրոէլեկտրակայանների կառուցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը»,- հանդիպումից հետո հայտարարել էր Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը՝ հստակեցնելով, որ հակառակ այդ պայմանավորվածությունների, ՀԷԿ-երի կառուցումն այդպես էլ չի սկսվել: Տաջիկստանը նաեւ դժգոհ է Կրեմլի կողմից Ուզբեկստանին աջակցելու մասին հայտարարություններից: Հիշեցնենք, որ այդ երկիրը Տաջիկստանի հիմնական մրցակիցն է տարածաշրջանում՝ հիդրոռեսուրսների համար ծավալված մրցակցության համատեքստում: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, Ռահմոնը Մոսկվայում խոսելու է ոչ միայն այս, այլեւ Տաջիկստանի տարածքում ռուսական 201-րդ ռազմական հենակետի շուրջ ծագած խնդիրների մասին: Տաջիկստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե դա երկրի համար շարունակում է մնալ ամենացավոտ հարցերից մեկը: Այն օտար երկրների տարածքում տեղակայված ամենամեծ ռուսական ռազմակայանն է: «201-րդ հենակետի հարցը քննարկման առարկա կդառնա, բայց ոչ ոք չի պատրաստվում դրա շուրջ սակարկել»,- հայտարարել է Տաջիկստանի ԱԳՆ-ն: Այդուհանդերձ, դեռ սեպտեմբերին ռուսական ԶԼՄ-ները տեղեկություններ էին հրապարակել, թե Դուշանբեն այդ ռազմական հենակետերի համար Մոսկվայից պահանջել էր վճարել տարեկան 300 մլն դոլար, իսկ Մոսկվան պատրաստ է վճարել շատ ավելի համեստ գումար՝ այն էլ տաջիկ սպաների ուսուցման եւ այդ երկրին ռուսական ռազմական տեխնիկա մատակարարելու տեսքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել