ԱՄՆ-ն մտադիր չէ իր հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի որեւէ տարր տեղակայել ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող որեւէ երկրի տարածքում ու նաեւ Վրաստանի տարածքում ռազմական հենակետերի տեղակայման հարց չի քննարկում, «Reuters»-ի մատուցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Ալեքսանդր Վերշբոուն (նկարում): Հիշեցնենք, որ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ մտահոգություն է հայտնել Վաշինգտոնի կողմից հակահրթիռային պաշտպանության տարրերը Չեխիայում եւ Լեհաստանում տեղակայելու, նաեւ Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու առնչությամբ: Վերշբոուն հավաստիացրել է, թե ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցությունը սահմանափակվում է վրաց զինծառայողների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու եւ ռազմական ոլորտի բարեփոխումների իրականացման հարցերում աջակցություն ցուցաբերելով: