Ըստ aysor.am-ի՝ Բեռլինի համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանը երեկ լրագրողներին ասել է, որ հաջորդ տարի Բեռլինի համալսարանի հայագիտության ամբիոնը չի գործելու: Համալսարանը որոշ խնդիրների հետ կապված՝ փակելու է ամբիոնը, սակայն, ինչպես նշեց Ժ. Քոչարյանը, Գերմանիայում ընդունված է, որ հույները ֆինանսավորեն բյուզանդական բաժնի ծախսերը, չինացիները՝ չինական եւ այլն: Գերմանական կողմը պատրաստ է սենյակներ տրամադրել հայերին, տարեկան բյուջեն կլինի 48 000 եվրո: 24 հազարը համալսարանը կվճարի, 24 հազարը՝ հայկական կողմը, եւ կբացեն բաժին, իսկ ապագայում, եթե հայերը ցանկանան՝ ամբիոն: Ժ. Քոչարյանը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին, սփյուռքի, մշակույթի նախարարություններին, բարեգործական կազմակերպությունների, Կաթողիկոսարան, սակայն ֆինանսական աջակցություն չի կարողացել ստանալ: «Մենք կկորցնենք մեր հարուստ արխիվը, կցրվեն մեր գրքերը: Այն օրը, երբ փակվի հայագիտության ամբիոնը, ադրբեջանցիները բառի բուն իմաստով խցկվելու են Բեռլինի համալսարան»,- նշեց դասախոսը: