Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտպետկոմ+«Նորավանք»=…

Հոկտեմբեր 22,2009 00:00

Երեկ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի նպատակն է նպաստել գիտական նախագծերի փորձաքննության կազմակերպման, գիտական նյութերի ձեռքբերման ու փոխանակման գործին: Համագործակցության շրջանակներում աջակցություն կցուցաբերվի հումանիտար գիտությունների բնագավառում գիտական կազմակերպությունների, բուհերի եւ ոլորտում գործող այլ անձանց աշխատանքներին, կհասցվի ֆինանսական աջակցություն անկախ փորձաքննության եւ մրցութային հիմունքներով ընտրված հետազոտություններին, երիտասարդ գիտնականների աշխատանքներին եւ այլն: Համաձայնագրի ստորագրումից հետո «Առավոտը» զրուցեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի եւ «Նորավանք» հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Ս. Հարությունյանը նկատեց. «Գիտության պետական կոմիտեն կառավարչական հիմնարկ է, որը մշակում եւ իրականացնում է ՀՀ-ում գիտության եւ տեխնոլոգիաների հետ կապված պետական քաղաքականություն: Հիմնադրամն էլ զբաղվում է գիտակրթական ծրագրերի մշակումով: Այս տեսանկյունից մեր ծրագրերը համահունչ են: Բացի այդ, գործառույթներ կան, որոնք պահանջում են հիմնադրամների կամ այլ հիմնարկների հետազոտական աշխատանք, օրինակ՝ գիտության գերակայությունների որոշումը կամ ռազմավարական ծրագրերի պատրաստումը: Սրանք կառավարչական հիմնարկները միայն իրենց ուժերով չեն կարող իրականացնել: Արտասահմանում դրանք իրականացնում են հենց այդ հարցերով զբաղվող հզոր ինստիտուտներ, բայց մեզ մոտ չկան այդպիսիք, ուստի համագործակցում ենք այդ հարցերով զբաղվող այլ կառույցների հետ»: Մեր հարցին՝ այսպիսի համագործակցությունը կամ գիտության գերակայությունների նոր-նոր որոշելը արդյոք մի փոքր ուշացած չէ՞, Ս. Հարությունյանը պատասխանեց. «Կոմիտեն ստեղծվել է վերջերս, իսկ հիմնադրամը մի փոքր ավելի երկար կենսագրություն ունի: Բայց համագործակցությունը ճիշտ ժամանակին ենք սկսել: Միգուցե ճիշտ եք ասում, որ գերակայությունները պիտի վաղուց ճշտված լինեին, բայց, համենայնդեպս, կոմիտեին տրված լիազորությունների շրջանակներում այդ գործառույթները հանձնարարված են մեզ, եւ ես պատասխան եմ տալիս այս երկու տարիների համար: Մյուս կողմից էլ՝ գիտության գերակայություններն ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 4-5 տարին մեկ ճշգրտվում են: Եթե 2004-ին դրանք որոշվել են, դա չի նշանակում, թե դա սուրբ գիրք է եւ պիտի հարյուրավոր տարիներ այդպես մնա: Պետության մեջ քաղաքական խնդիրները, տնտեսության զարգացմանը թափը եւ այլ հարցեր ազդում են գերակայությունների վրա»: «Նորավանք» հիմնադրամի նախագահն էլ նշեց. «Իրոք չենք ուշացել, քանի որ այս ժամանակաշրջանը օգտագործվել է մեր անելիքները հստակեցնելու համար: Սա ֆորմալ համաձայնագիր չէ, այլ արդեն նոյեմբերի 10-ին համատեղ ջանքերով կմեկնարկի աշնանային դպրոցը՝ տեղեկատվության անվտանգության վերաբերյալ: Հույս ունեմ, որ գիտության, կրթության, հետազոտության ոլորտը Հայաստանում կդառնա գերակայող ոլորտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել