Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՎԵՐ ԵՆՔ ԹԱՓՈՒՄ

Հոկտեմբեր 22,2009 00:00

Մոռանալով բովանդակության մասին

Թեեւ ուսանողական տարիներին փիլիսոփայություն լավ չեմ ուսումնասիրել, սակայն որոշ հատվածներ (հատկապես դիալեկտիկական մատերիալիզմից) այնուամենայնիվ հիշում եմ: Դրանց թվում են «բովանդակություն» եւ «ձեւ» փիլիսոփայական կատեգորիաները, որոնք բնութագրում են առարկայի կազմակերպման միջոցի եւ բուն նյութի միջեւ փոխհարաբերությունները: Համաձայնվեք, բավականին բարդ է: Սակայն կենցաղում վերոնշյալ երկու բառերն ավելի պարզ են հասկացվում: Ուղղակի ցավալին այն է, որ բովանդակությունը վաղուց արդեն կորցրել է իր դերը մեր հասարակության շրջանում, իսկ ահա ձեւը դարձել է այնքան դոմինանտ, որ որոշ դեպքերում թվում է, թե անգամ երեխաները ծնողներին սկսել են սիրել եւ հարգել միայն ձեւի համար:

Հայաստանում ամեն ինչ, սկսած պետական ամենակարեւոր միջոցառումներից եւ կենցաղային ամենաաննկատ պահերով վերջացրած, կրում է ձեւական բնույթ: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Հայաստանում անց է կացվել Սահմանադրության երկու հանրաքվե: Երկուսն էլ ձեւական են եղել: Դե, համապետական ընտրությունների մասին էլ չենք խոսում: Ձեւականության ամենավատ դրսեւորումներից մեկն էլ քավոր-սանիկական հարաբերություններն են: Օրինակ, Բաբկեն Արարքցյանը Ռոբերտ Քոչարյանի զավակների քավորն էր: Բայց դա այն ժամանակ էր, երբ Բ. Արարքցյանը ԳԽ նախագահն էր, իսկ Ռ. Քոչարյանը՝ ՀՀՇ վարչության անդամ: Իսկ հետո այդ հարաբերությունները, բնականաբար, մոռացվել են: Եվ այս օրինակը եզակի դեպք չէ: Մարդիկ հարսանիքներ են անում միայն ձեւի համար: Որպեսզի «չուզողները տրաքեն»: Իսկ թե ինչպես կուրախանան նորապսակները, եւ ինչպիսի հիշողություններ կմնան նրանց սրտերում՝ դա երկրորդական է: Որովհետեւ, շատ դեպքերում, հենց ամուսնություններն են ձեւական: Երիտասարդները ոչ թե միմյանց են սիրում, այլ իրենց ընտրյալի ծնողների ունեցվածքը:

Մենք ձեւական ենք սովորում՝ կարեւորը ոչ թե գիտելիքն է, այլ դիպլոմը: Թեեւ կրթության ոլորտում նոր ձեւեր են մտել: Մեկ-երկու ամիս գնում են արտասահմանում «ֆռֆռում», հետո վերադառնում, մի քանի անգլերեն տերմին օգտագործում ու հայտարարում, որ «ֆիրմա» կրթություն են ստացել:

Ձեւական ենք նշում տոները: Կարեւորը ոչ թե Ամանորի եւ առավել եւս՝ Սուրբ Ծննդյան խորհրդանիշն է, այլ սեղանների ճոխությունը (բդերով, շնաձկներով եւ չարազի տեսականիով): Չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ անգամ հոգեհանգիստների եւ հուղարկավորությունների արարողություններն են սկսել ձեւական բնույթ կրել: Դաժան է, բայց՝ ճշմարտություն:

Կարծում եմ, այս ամենը մի բանի հետեւանք է: Մեր հասարակությունում ձեւական են բոլոր գրված եւ չգրված օրենքները: Գրված օրենքները, որոնք, ըստ մասնագետների, համապատասխանում են բոլոր միջազգային նորմերին, ինձ ավելի շատ հեքիաթներ են հիշեցնում: Այդ հեքիաթները շատ գեղեցիկ են, շատ բարի զգացմունքներ են արթնացնում, սակայն որոշակի տարիքից հասկանում ես, որ այնտեղ գրված շատ բաներ անիրականանալի են: Իհարկե, համեմատել, ասենք՝ Անդերսենին կամ Գրիմ եղբայրներին մեր օրենսդիրների հետ, առնվազն սրբապղծություն է. ինտելեկտի եւ գրագիտության առումով զիջում են աշխարհահռչակ հեքիաթասացներին եւ անսահմանափակ ցինիկ են: Ի դեպ, եթե խոսք գնաց մեր օրենսդիրների մասին, ապա կարելի է ասել, որ քաղաքական ոլորտում են գտնվում ամենաձեւական անձինք: Ձեւական կուսակցություններ, ձեւական ճառեր, ձեւական նիստեր: Եվ մեր այդ ձեւական քաղաքական գործիչները շատ ժամանակ հենվում են մեր ձեւական մտավորականության վրա, որոնց ձեւական հայրենասիրությունը Մասիս սարի եւ խաչքարերի ֆոնից այն կողմ չի անցնում: Նրանք այնքան ձեւական են, որ պատրաստ են երգել եւ արտասանել յուրաքանչյուրի համար, ով այդ պահին իշխանություն է: Իսկ մեր, այսպես կոչված, ռեփերները իրար յոթհարգանի հայհոյանքներ են տալիս, հետո մամուլի ասուլիս հրավիրում ու լրագրողներին «հրամայում» չառիթավորվել: Ձեւի համար բարիշել են: Որովհետեւ իսկական հայ տղամարդը, ինչպիսին իրենք են փորձում իրենց ներկայացնել, նման հայհոյանքից հետո դիմացինին «քացու տակ է տալիս»: Ընդ որում, ոչ ձեւական:

Եվ այսքանից հետո մենք փորձում ենք աշխարհին համոզել, որ քաղաքակիրթ ենք: Հարգելի ժողովուրդ, առաջին հերթին մենք ինքներս մեզ պետք է դա համոզենք: Եվ միայն այդ պարագայում մեր բոլոր քայլերը կլինեն ոչ թե ձեւական, այլ բնական: Ու թեեւ նույն դիամատը պնդում է, որ փիլիսոփաների հիմնական վեճը եղել է մատերիալիզմի եւ իդեալիզմի շուրջ (մի մասը պնդել է, որ առաջնայինը մատերիան է, իսկ երկրորդները՝ իդեան), արդի Հայաստանում իդեալիստները տեղ չունեն: Նյութականը մեզ մոտ այսօր գերիշխող է: Այն դիկտատուրա է սահմանել բոլոր ոլորտներում:

Չեմ ուզում պնդել՝ դա ճի՞շտ է թե՞ սխալ: Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ առանց ռոմանտիկների (իդեալիստների) ոչ մի պետություն եւ ոչ մի հասարակություն առաջընթաց չի ունենում: Իսկ պատմությունը ցույց է տվել, որ շատ դեպքերում նման հասարակությունները պարզապես կործանվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել