Զորակոչ, անորակ ռենտգեն, անասնագողություններ, մութ փողոցներ, գրագրություն չսիրող քարտուղարներ
Հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվեցին այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, աշնանային զորակոչի խնդիրները, զորահավաքային նախապատրաստության հարցերը, 2009-ի 9 ամիսներին համայնքների բյուջեների կատարողականը, սահմանամերձ գյուղերում անասնագողությունների հարցը:
Զորակոչ
Մարզի 4 տարածաշրջանների զինկոմները զեկուցեցին, որ գարնանային զորակոչի առաջադրանքը գերակատարվել է, վստահեցրին, որ աշնանային զորակոչի առաջադրանքն էլ կկատարվի: Միաժամանակ բացահայտվեցին զորակոչին առնչվող շատ խնդիրներ: Տավուշի մարզպետարանի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը հայտնեց, որ բժշկական հանձնաժողովները որոշ մասնագիտությունների գծով պահեստային բժիշկներ չունեն, հանձնաժողովի որոշ անդամներ էլ պատկառելի տարիքի են: Մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Համլետ Ավալյանի խոսքերով՝ հանրակրթական դպրոցների գերակշիռ մասը ուսումնական զենք չունի, որոշ դպրոցներ զենքի պահպանման սենյակներ են կահավորել եւ ուսումնական զենք ունենալու հայտեր ներկայացրել: Մի շարք համայնքապետարաններում թիվ 2 ամփոփաթուղթը խախտումներով է լրացվել, դրանցից դուրս են մնացել զորակոչի ենթակա անձինք, ընդգրկվել օտարերկրյա քաղաքացիներ: Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների մի մասը կարճ ժամանակ Տավուշում ապրելուց հետո՝ հիմնական բնակության է մեկնել այլ երկրներ: Նրանք, սակայն, հասցրել են հաշվառվել գրանցամատյաններում: Հիմա նրանց որդիները, որոնք այդպես էլ ՀՀ քաղաքացի չեն դարձել, հաշվառված են թիվ 2 ամփոփաթղթում: Նման կերպ հաշվառված են նաեւ արտերկիր հիմնական բնակության մեկնած տավուշցիների անունները: Դրա հետեւանքով արհեստականորեն իջնում է մարզում կցագրման ցուցանիշը: Գրանցամատյանները ճշգրտելու կարիք կա, սակայն դա կարող է արվել միայն կառավարության միջոցով: Լրացուցիչ բժշկական հետազոտման համար մարզից Երեւան մեկնող զինակոչիկներին պետբյուջեից դրամական համարժեք փոխհատուցման չափն էլ է խնդրահարույց: Մայրաքաղաք մեկնելու տրանսպորտային սակագները բարձրացել են, սակայն զինակոչիկներին փոխհատուցումը հին՝ ցածր գնով է կատարվում: Տավուշի մարզպետարանը դրամական համարժեք փոխհատուցման հարցով դիմել է տարածքային կառավարման նախարարություն: Իջեւանի զինկոմ, գնդապետ Գրիգորյանի խոսքով՝ զորակոչին առնչվող հարցերում որոշ համայնքապետարաններ թերանում են: Իջեւան քաղաքում ծխամատյանները վատ վիճակում են, լրացված են ջնջումներով, առանձին թերթերի վրա, բացակայում են զինակոչիկների ծննդյան թվերը, անձնագրային բաժանմունքի հետ համագործակցություն չկա, հաշվառումից որոշ անձինք հանվել են, սակայն ծխամատյաններում այդ մասին նշումներ չկան: Քաղաքապետարանի աշխատակիցների պատճառաբանությամբ՝ տվյալների քարտադարանը գտնվում է անձնագրային բաժանմունքում եւ իրենց չի տրամադրվում: Իջեւանի զինկոմի համոզմամբ՝ զինհաշվառման վիճակի բարելավման համար հարկավոր է կարգադրել ոստիկանության Իջեւանի անձնագրային բաժանմունքին, որպեսզի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները կարողանան օգտվել քարտադարանից: Իջեւանում ռենտգեն սարքավորումը հին է, նկարներն անորակ են ստացվում: Գարնանային զորակոչի ընթացքում այդ տարածաշրջանից զորակոչվածներից ոմանք հանրապետական հավաքակայանում, որակյալ ռենտգեն սարքավորումով թոքերը լուսանկարելուց հետո, ծառայության համար ոչ պիտանի են ճանաչվել: Սահմանամերձ մարզում այս տարի թերակատարվել է ռազմական բուհերը համալրելու առաջադրանքը: Ռազմական բուհերում քննություն հանձնած տավուշցիների կեսն էլ բուհ չի ընդունվել: Ռազմական բուհեր ընդունվելու համար հիմնականում ներկայացվել են միջակ առաջադիմությամբ շրջանավարտներ: Զարմանալի է, որ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու հավակնող պատանիների մեջ եղել են առողջական լուրջ խնդիրներ ունեցողներ:
Մարդահամար
2010 թվականին Տավուշի 4 գյուղերում փորձնական մարդահամար պիտի անցկացվի: Վիճակագրական ազգային ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը նշեց, որ եղել է այդ համայնքներում, հրահանգավորել համայնքապետարանների քարտուղարներին, սակայն վիճակը խիստ մտահոգիչ է: Համայնքային գրքերը շատ վատ վիճակում են, դրանցում կան դատարկ էջեր, քարտուղարների ձեռագրերից տարբերվող ձեռագրերով գրառումներ: Համայնքապետարանների քարտուղարները նման անմխիթար վիճակը բացատրում են նրանով, որ իրենք գրագրություն անելու սեր չունեն: «Մի քարտուղար էլ գրանցում չի կատարում՝ պատճառաբանելով, թե ինքը բոլորին անգիր գիտի»,- ասաց Ա. Աչինյանը:
Անասնագողություններ
Մարզխորհրդի նիստում քննարկվեց անասնագողությունների հարցը: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարվա 9 ամիսներին մարզում հանցագործությունների բացահայտման տոկոսը բարձր է միջին հանրապետականից: Սակայն Տավուշի սահմանամերձ 13 գյուղերում 83 խոշոր եղջերավոր անասուն է գողացվել: Ոստիկանության պետը անասնագողությունների հարցում մեղադրեց գյուղապետերին, ովքեր, ոստիկանապետի կարծիքով, շատ անտարբեր են, գյուղերը մթության մեջ են թողել: Ոստիկանությունը անասնագողությունները կանխելու համար սահմանամերձ գյուղերում ուժեղացված հսկողություն է իրականացնում: Մարզի ոստիկանապետը գյուղապետերին համագործակցելու կոչ արեց՝ վստահեցնելով, որ անասնագողությունները կբացահայտվեն: Չբացահայտված բազում անասնագողությունների մասին «Առավոտի» հրապարակումներն ակնհայտորեն նյարդայնացրել էին մարզի գլխավոր ոստիկանին, ով իր ելույթի ժամանակ լրագրողիս խորհուրդ տվեց իրեն լուսանկարել: Ես էլ ասացի, որ կլուսանկարեմ բռնված անասնագողերին: Սահմանամերձ գյուղերում գիշերային լուսավորություն անցկացնելու առաջարկը լավն է, բայց հիշեցնեմ, որ ոսկեվանցի Էդիկ Գարդիշյանի անասնագոմի գլխին մեծ լամպ էր վառվում, ինչը, սակայն, չխանգարեց գողերին: Սուղ բյուջե ունեցող համայնքը ի՞նչ միջոցներով պիտի բոլոր փողոցները լուսավորի եւ դեռ կարողանա ծախսը փակել: Սահմանամերձ գյուղերում կատարված անասնագողությունների համար գյուղապետերին մեղադրելը նույնն է, թե ֆուտբոլի թիմի պարտության համար մեղադրես ոչ թե ֆուտբոլիստներին ու մարզչին, այլ՝ թիմի երկրպագուներին, որ իրենց բացականչություններով լավ չեն աջակցել թիմին:
Հ. Գ. ՀՀ կառավարությունը 2010 թվականի բյուջեի նախագծում գրել է. 1,696 միլիարդ դրամ հատկացնել համայնքային փողոցների լուսավորությանը: